ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվությունը պահպանվում է. դեպքերի 74.7 տոկոսը 0-18 տարեկաններն են
2025 թվականի 5-րդ շաբաթվա (հունվարի 27-ից փետրվարի 2) ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում շարունակվում է պահպանվել սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված ակտիվությունը: Այդ մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ըստ հաղորդագրության՝ նշված ժամանակահատվածում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ ՍՇՎ-ով դիմել են 9105 բուժառու (հիվանդացության ցուցանիշը կազմել է 307․3), նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացությունը նվազել է 1,1 անգամ, իսկ 2024 թ. միևնույն ժամանակահատվածում արձանագրված դեպքերի համեմատ ևս ցածր է 1.1 անգամ։
Ընդհանուր դեպքերի 74.7%-ը արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում։
Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ նշված ժամանակահատվածում թոքաբորբով դիմել է 1022 բուժառու, ինչը նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացությունը գտնվում է գրեթե միևնույն մակարդակի վրա:
Ընդհանուր դեպքերի 67.9%-ը կազմում են 0-18 տարեկանները։
Նշված ժամանակահատվածում ՀՀ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ՍՇՎ-ներով հոսպիտալացվել են 863 բուժառու, որոնց 92.8%-ը կազմում են 0-18 տարեկանները։ Նախորդ շաբաթվա 932-ի համեմատ հոսպիտալացումները նվազել են 1,1 անգամ։
Թոքաբորբով հոսպիտալացվել է 578 բուժառու, որոնց 67.4%-ը ևս կազմում են 0-18 տարեկանները, նախորդ շաբաթվա 584 հոսպիտալացումների համեմատ գրեթե նույնն են։