1 զոհ, 1 վիրավոր․ մանրամասներ՝ Մերձավանում տեղի ունեցած կրակոցներից
Այսօր՝ փետրվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:30-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արմավիրի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ են հնչել, հայտնում է Shamshyan.com-ը:
Ոստիկանները Մերձավան վարչական բնակավայրի՝ ժողովրդին հայտնի «պոչտայի» հարևանությամբ գտնվող հատվածում հայտնաբերել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ, գնդակի մնացորդներ, թիթեղյա պարսպի և հարևանությամբ գտնվող վարավիրանոցի ապակու և պատի վրա կրակոցի հետքեր:
Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի, վարչության պետի տեղակալ, Վաղարշապատի քննչական բաժնի պետի պաշտոնակատարի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:
Տեղում աշխատում է նաև քննչական կոմիտեի փորձաքրեագետը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոցների արդյունքում Գրիգոր Օհանյանը մահացել է, իսկ Սերգեյ Նալբանդյանը վիրավորվել:
Այս պահին պարզվում է՝ մահացածը կրակոցի՞, թե սուր, կտրող ծակող առարկայի հարվածից է մահացել, ինչպես նաև վիրավորը ինչ հանգամաբքնեւոմ է վիրավորում ստացել:
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» և «սպանության փորձ»-ի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ սպանվածը Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան վարչական բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանի ազգականն է, իսկ վիրավորը՝ ընկերը: