Դատախազությունը չի հայտնում, թե ինչ է պայմանավորվել ամերիկյան կողմի հետ Խաչատրյանների տան վերաբերյալ. «Հետք»
ՀՀ գլխավոր դատախազությունը չի հստակեցնում, թե ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել ամերիկյան պատկան մարմինների հետ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատան վաճառքից գոյացած գումարը բաշխելու հարցում, գրում է «Հետք»-ը։
Հիշեցնենք, որ Խաչատրյանների թանկարժեք տան բռնագանձման գործը քննվում էր ամերիկյան դատարանում:
Այդ ընթացքում՝ 2024 թ. հուլիսին, ՀՀ գլխավոր դատախազությունն այս տան վերաբերյալ հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ հունիսին Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները ԱՄՆ շրջանային դատարան են ներկայացրել գույքի բռնագրավման վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու խնդրանք, եւ շատ չանցած դատարանի որոշմամբ համաձայնությունը հաստատվել է:
«Դատարանի որոշմամբ հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող, Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը կբռնագրավվի եւ ամենաբարձր շուկայական արժեքով կվաճառվի,- հայտարարել էր ՀՀ գլխավոր դատախազությունը,- առանձնատան իրացման արդյունքում ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը ՀՀ-ին վերադարձնելու հարցի շուրջ Գլխավոր դատախազության եւ ԱՄՆ իրավասու մարմնի միջեւ բանակցություններ են ընթանում»:
Սրան հաջորդեց ԱՄՆ-ում Խաչատրյան եղբայրների շահերը պաշտպանող Vinson & Elkins ընկերության հայտարարությունը, ըստ որի՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը 2024 թ. հունիսին դադարեցրել է հետաքննությունը Խաչատրյանների նկատմամբ: «Հետաքննության դադարեցման եւ բռնագանձման գործի կասեցման որոշման հենքով Արդարադատության դեպարտամենտը եւ Խաչատրյանները համաձայնություն են ձեռք բերել հանգուցալուծելու նաեւ բռնագանձման մասով չկատարված պարտավորությունների հարցը։ Որոշվել է, որ Հոլմբի Հիլզի անշարժ գույքը կվաճառվի, եւ ստացված հասույթը կբաշխվի կողմերի միջեւ: Ընդ որում՝ Հոլմբի Հիլզի գույքի վաճառքից ստացված մի մասը կտրամադրվի Խաչատրյաններին, իսկ մյուս մասը՝ Խաչատրյանների դիմումով կտրամադրվի Հայաստանի Հանրապետությանը՝ ի շահ հայ ժողովրդի»,- հայտարարել էին Խաչատրյանների փաստաբանները:
Ինչպես արդեն գրել ենք, հունվարի 7-ին Խաչատրյանների տունն օտարվել է 36 մլն դոլարով:
Հաշվի առնելով Գլխավոր դատախազության եւ Խաչատրյանների փաստաբանների հայտարարությունների իրարամերժ դրվագները՝ «Հետքը» մի քանի հարց էր ուղղել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին:
1․ Նախորդ տարի ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ եւ ԱՄՆ պետական կառույցների, ինչպես նաեւ Խաչատրյանների միջեւ: Արդյոք Խաչատրյանները եւս գումար են ստանալու գույքի օտարումից: Եթե այո, ապա որքան: Կա՞ որեւէ բանաձեւ կամ հաստատված չափ:
2․ Արդյոք ՀՀ-ԱՄՆ բանակցությունները դեռ շարունակվում են, թե արդեն ավարտվել են: Ինչպե՞ս է բաժանվելու 36 մլն դոլարը կողմերի միջեւ:
3․ ՀՀ-ին փոխանցվելիք գումարի վերաբերյալ արդյոք դեր ունի Խաչատրյանների դիմումը, ինչպես նշել են նրանց փաստաբանները:
4․ Գլխավոր դատախազությունը ե՞րբ է ակնկալում ՀՀ-ին հասանելիք գումարի փոխացումը Հայաստան:
5․ ՀՀ պետական ո՞ր մարմինը պետք է ստանա գումարը:
Այս հարցերին Գլխավոր դատախազությունից չեն պատասխանել, փոխարենը հիշեցրել են հուլիսին արված իրենց հայտարարությունը, որին վերեւում անդրադարձանք: Այսինքն՝ որեւէ նորություն իրավապահ մարմինը չի փոխանցում:
«Հրապարակման ենթակա նոր տեղեկատվության առկայության դեպքում ՀՀ դատախազությունը հանրային իրազեկման շրջանակում հանդես կգա նոր հրապարակմամբ»,- հավելել են կառույցից: