Գործադուլը շարունակվում է․ ԶՊՄԿ-ն 5-րդ օրն է՝ կանգնած է․ ղեկավարությունը չի գնում զիջումների
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում արդեն 5-րդ օրն է` աշխատանքները դադարեցված են։ Գործադուլ հայտարարած աշխատողները պահանջում են աշխատավարձի 120-150 հազար դրամի բարձրացում։ ԶՊՄԿ աշխատակիցներից Անդրի Առաքելյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ սպասում են իրենց պահանջների կատարմանը։ «Գործադուլը շարունակվում է, մենք մեր պահանջները ներկայացրել ենք, ղեկավարության կողմից դեռ այլ արձագանք չկա, բայց մենք սպասում ենք։
Մարդիկ հերթափոխով գնում գալիս են, իրենց ընտանիքները, տները թողել են, եկել պայքարում են։ Այնպիսի գնաճ է տեղի ունեցել, բայց ըստ դրա մեր աշխատավարձը չի բարձրացել։ Այս պահին մենք գիտակցում ենք, որ և՛ մեր պետությունն է տուժում և մենք, չենք ուզում մեր պետությանը վնաս պատճառենք։ Երեկ քվեարկությունը ցույց տվեց, որ 2440 հոգի կողմ է քվեարկել, այսինքն՝ այս պահին կոմբինատի 50 տոկոսից ավելին կողմ է այս գործադուլին»,- նշեց ԶՊՄԿ աշխատակիցը։
Նրա խոսքով՝ ԶՊՄԿ արհմիությունը սխալ դիրքորոշում է ընտրել։ «Մենք մինչև այս գործադուլ կազմակերպելը իրենց տեղեկացրել ենք։ Գործադուլը սկսել է հանքաքարի ջարդման, տեղափոխման արտադրամասից, մենք իրենց մեկ ամիս առաջ դիմում ենք ներկայացրել, ստորագրահավաք է եղել, իրենք էլ մեզ ասել են՝ հա, գնացեք, մենք ձեր պահանջները կկատարենք մինչև հունվար։ Մինչև հունվարի 31-ը սպասել ենք, ոչ մի փոփոխություն չեղավ։ Ասացին՝ սպասեք մարտից։ Ամեն ամիս խաբելո այդպես մնաց։ Այլ հիմնարկներում բարձրացում եղել է, ով էլ հիմա եկել է, եկել է աջակցի այն մարդկանց, ում աշխատավարձը ցածր է ու ԶՊՄԿ-ն էլ սխալ տեղեկատվություն է տարածում, որ մենք անիրատեսական բաներ ենք պահանջում։
Իրենք մեզ հետ բանակցությունների չեն գալիս։ Հիմա մեր առաջին խնդիրն այն է, որ խաբել են, ասել են հունվարին կանենք ու չեն արել»։ ԶՊՄԿ-ն չի քննարկում աշխատողների ուզած չափով աշխատավարձի բարձրացման հարցը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ընկերության մամուլի խոսնակ Արայիկ Մարգարյանը։
«Ընկերության աշխատանքը կանգնած է, ուրբաթ օրվանից չի աշխատում։ Դժվար է ասել՝ քանիսն են միացել գործադուլին, քանի որ գործադուլ անող աշխատակիցները փակել են ճանապարհը ու եթե մյուս աշխատակիցները ուզենային էլ, չէին կարող հասնել աշխատանքի։ Աշխատավարձի բարձրացման նախաձեռնությունը սկսել է հենց ղեկավարությունը։
Նախաձեռնվել է աշխատավարձի բարձրացում, որովհետև կար նույն աշխատանքը կատարող մարդկանց միջև աշխատավարձի տարբեր չափ և այդ անարդարության դրսևորումը վերացվնելու համար ընկերությունը նախաձեռնեց համահարթեցման նախագիծը։ Ըստ դրա՝ բոլորի աշխատավարձը պետք է բարձրանար, բայց տարբեր չափերով, այս բարեփոխումն անցյալ տարվածից մշակված է և իրականացվում է, բայց մեր գործընկերներին այս մոտեցումը դուր չեկավ։
Համահարթեցման բանաձևով առաջարկվում էր 3-20 տոկոս բարձրացում»,- նշեց ընկերության ներկայացուցիչը։
Հարցին՝ ԶՊՄԿ ղեկավարությունը քննարկո՞ւմ է աշխատակիցների պահանջը կատարելու և նրանց պահանջած չափով աշխատավարձը բարձրացնելու հարցը, Մարգարյանն արձագանքեց․ «Ո՛չ, իրենց նշած չափով բարձրացում չի նախատեսվում, ղեկավարությունը տրամադրված չէ զիջումների։ Առհասարակ տեղի է ունենում բարձրացում՝ այն չափով, որ նշեցի՝ 3-20 տոկոսով»։