ՊԵԿ-ը՝ գրավիչ գործատուների թոփ հնգյակում
Պետական եկամուտների կոմիտեն ամենամյա «Հայrate» 2024 մրցանակաբաշխությանը, ըստ ուսանողների շրջանում անցկացված համապարփակ հարցման, արժանացավ Հայաստանի «Գրավիչ գործատու» 5-րդ մրցանակին։
Հարցմանը մասնակցած առաջատար բուհերի շուրջ 2200 ուսանող, որպես գրավիչ գործատու, ընտրել էր ավելի քան 500 կազմակերպություն, որոնցից առանձնացվել է լավագույն տասնյակը: Ուսանողներն առաջնահերթություն են տվել կարիերայի աճի հնարավորություններին, գործատուների գրավչությանը, ինչպես նաև կարևորել են վարձատրության չափը, թիմային մշակույթը, լավ ղեկավարի և աշխատավայրի հարմարավետ պայմանների առկայությանը:
Պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար նախաձեռնում է տարբեր կրթական, մասնագիտական պատրաստումներ, որոնք իրականացնում է ՊԵԿ ուսումնական կենտրոնը: Մաքսային և հարկային ծառայողի պատրաստման դասընթացներին դիմում են բազմաթիվ նորավարտ ուսանողներ, որոնք քննական փուլը հաջող հաղթահարելուց հետո ստանում են աշխատանքի հնարավորություն ՊԵԿ-ում:
«Հայrate» մրցանակաբաշխությունը Հայաստանի Մարդկային ռեսուրսների կառավարման ասոցիացիայի և «Գրանթ Թորնթոն» Հայաստանի ընկերության կողմից համատեղ իրականացվող նախաձեռնություն է, որի շրջանակներում հարցում են իրականացնում Հայաստանի առաջատար ԲՈւՀ-երի ուսանողների շրջանում:
«Հայrate» մրցանակաբաշխությունն անցկացվում է 4-րդ տարին անընդմեջ: