Լյուքսեմբուրգը սատարում է Հայաստանի եվրոպական ու ժողովրդավարական նկրտումներին
Պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատում՝ հանդիպելով վերջինիս նախագահ Կլոդ Վիզլերի հետ:
Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման հարցում՝ զրուցակիցները կարևորել են դրա հետագա խորացումը երկկողմ ամուր քաղաքական հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու տեսանկյունից:
Հատուկ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող մի շարք հարցերի: Ալեն Սիմոնյանը կարևորել է վիզաների ազատականացման երկխոսության պաշտոնական մեկնարկն ու ողջունել ԵՄ խորհրդի վերջին որոշումը՝ Հայաստանում քաղաքացիական առաքելության մանդատը եւս 2 տարով երկարաձգելու վերաբերյալ:
Կլոդ Վիզլերն իր հերթին նշել է, որ Լյուքսեմբուրգը սատարում է Հայաստանի եվրոպական ու ժողովրդավարական նկրտումներին ու պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ ճանապարհին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև խաղաղության պայմանագրին, տարածաշրջանային զարգացումներին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: