Պատրաստ ենք ամեն ինչ անել ՀՀ-ի և Իտալիայի տնտեսական կապերն առավել ամրապնդելու ուղղությամբ. Պապոյանը՝ Իտալիայի դեսպանին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։
Հանդիպման սկզբում նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել երկու երկրների կայուն տնտեսական զարգացման ապահովմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում։
Այնուհետև քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսության ոլորտում առավել հեռանկարային ուղղություններին, տնտեսության դիվերսիֆիկացման շրջանակներում արտահանման և ներմուծման հնարավորություններին, երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը, տեխնոլոգիաների արդիականացմանը, առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների գործարար շրջանակների մասնակցությամբ B2B հանդիպումների և ցուցահանդեսների կազմակերպմանը։
Նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը խրախուսում է օտարերկրյա ներդրումները, այս համատեքստում ներկայացրել է իրականացվող պետական աջակցության ծրագրերը, մասնավորապես՝ Հայաստանում տնտեսապես բարդ ապրանքների արտադրության պետական աջակցության ծրագիրը և առաջարկել է դիտարկել իտալական ընկերությունների կողմից ներդրումների իրականացման հնարավորությունը։
Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին հայտնել է, որ նախատեսվում է Հայաստանում Իտալիայի առևտրի և ներդրումային գործակալության (Agenzia ICE) բացումը։ Նախարարը ողջունել է գաղափարը և նշել. «Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել Հայաստանի և Իտալիայի տնտեսական կապերն առավել ամրապնդելու ուղղությամբ»։
Քննարկվել են նաև զբոսաշրջության ոլորտում առկա համագործակցության ընդլանյման հեռանկարները։