Նիկոլ Փաշինյանը Արցախը չի հանձնել և Նիկոլ Փաշինյանը հայրենիքի դավաճան չէ․ Հովսեփ Աղազարյան
Արդեն հայտնի է, որ ՔՊ-ից հեռացած պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը նոր կուսակցություն են հիմնում՝ Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն (ՄԱՍԿ) անվանումով, որի համագումարը կկայանա փետրվարի 8-ին։
Մամուլում այսօր գրվեց, որ Ասլանյանն ու Աղազարյանն այդ օրը իշխանափոխության կոչերով են հանդես գալու: Ի դեպ, նրանց թիմին է միանալու և կուսակցության կառավարման խորհրդի մեջ է ընդգրվելու նաև Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, որը օրերս հայտարարեց ՔՊ-ից դուրս գալու մասին։
MediaHub-ն այս թեմայով մի քանի հարց է ուղղել Հովսեփ Աղազարյանին․
-Պարո՛ն Աղազարյան, նախ ինչո՞ւ որոշեցիք ՔՊ-ից դուրս գալ, և ի՞նչ գաղափարներով եք նոր կուսակցությանն անդամակցում։
-ՔՊ-ից դուրս գալը, բնականաբար, պայմանավորված էր նախևառաջ հորս շուրջ ստեղծված իրավիճակով, որ նաև կապ ուներ քաղաքական որոշակի իրողությունների հետ, որոնց հետ անհաշտություններ կային։ Բայց, նախևառաջ, հիմնական պատճառը հորս շուրջ ստեղծված իրավիճակն էր, որն ուղղակի անհնարին էր դարձնում շարունակել անդամակցել ՔՊ-ին։
-Իսկ նոր քաղաքական ուժ ստեղծելը և նոր ուժի հետ քաղաքական ճանապարհ անցնելն ինչո՞վ է պայմանավորված։
-Դե, դա պայմանավորված է նրանով, որ մեր քաղաքական նկրտումները և քաղաքական խողովակներով Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի ժողովրդին օգտակար լինելու մարմաջը, բարեբախտաբար, դեռևս ակտուալ է, կփորձենք էն գաղափարները, որոնք ունենք, նոր կուսակցության միջոցով կյանքի կոչել և օգտակար լինել քաղաքական դաշտին։
-Դո՞ւք էլ եք ձգտելու իշխանափոխություն իրականացնել և հեռացնել Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին իշխանությունից։
-Դե, մենք, բնականաբար, որպես քաղաքական կուսակցություն՝ նպատակ ենք դնում մասնակցել ընտրություններին, այդ թվում՝ համապետական ընտրություններին, և, բնականաբար, եթե որևէ կուսակցություն մասնակցում է քաղաքական ընտրություններին, ապա պետք է նկատի ունենա, որ համապատասխան դասավորումների պարագայում, այո, կարող է նաև իշխանության գալ, հետևաբար, դա նշանակում է, որ այդ ճանապարհի վրա ենք։
-Բացի այն, որ դուք էլ, բոլորի նման, կցանկանայիք գալ իշխանության, դուք այս իշխանությունից ազատվելու, Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին հեռացնելու նպատակ ձեր առջև դրե՞լ եք, համարո՞ւմ եք, որ այս իշխանությունը պետք է փոխվի, որովհետև ձախողել է ամեն ինչ, երկիրը կործանման է տանում, տապալել է ծրագրերը։
-Մենք համարում ենք, որ․․․ ես համարում եմ, որ որոշակի կարևորագույն հարցեր կան, որոնց հետ որ մենք ունենք կոնկրետ անհամաձայնություններ, և դրանք փոխելու համար, դրանք շտկելու համար, այո, պետք է հասնել իշխանափոխության՝ չբացառելով, իհարկե, այդ ճանապարհին համագործակցությունը այլ ուժերի հետ․ այս պահին, սակայն, չեմ կարող նշել, թե որոնք են դրանք։
-Մի տեսակ կաշկանդվում եք կարծես քննադատել իշխանություններին, խանգարո՞ւմ է միասին անցած ճանապարհը, թե՞ քննադատելու շատ տեղ չունեք։
-Ի՞նձ նկատի ունեք կոնկրետ։ Չէ, ես էսպես ասեմ, դեռևս կոնկրետ հանգամանքով պայմանավորված՝ ակտիվ փուլ չեմ մտել, մի քիչ ինձ էլ ժամանակ է հարկավոր, որպեսզի ես սկսեմ ակտիվություն ցուցաբերել։ Ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կլինի և տեսանելի կլինի։
-Տեսեք, մարդիկ արդեն մտածում են, որ չնայած դուք ՔՊ-ից նեղացել-հեռացել եք ու նոր կուսակցություն եք ստեղծում, բայց, միևնույն է, կեղծ ընդդիմություն եք լինելու։ Ինչպե՞ս եք ապացուցելու, որ դուք Նիկոլ Փաշինյանին առընթեր կեղծ ընդդիմություն չեք լինելու, որ ձայներ փախցնեք այլ ընդդիմադիր ուժերից։
-Չէ, տեսեք, նախ ես էդ ձևակերպումների հետ համաձայն չեմ՝ ՔՊ-ից նեղանալու մասով։ Քաղաքական նորմալ իրողություններ են, մարդիկ քաղաքական ճանապարհ են անցնում, հետո բաժանվում են, հետո այլ ուժերի հետ են միավորվում, դա շատ նորմալ, բնականոն ընթացք է, եկեք չորակենք դա որպես նեղացկոտություն։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ կարող է տպավորություն առաջանալ, թե կեղծ ենք, ապա ես կարծում եմ՝ ցանկացած պարագայում ինչպիսի քաղաքականություն էլ իրականացնես, ինչպիսի կեցվածք էլ ընդունես, այդ մտայնությունները մարդկանց մոտ, միևնույն է, կլինեն։ Հետևաբար, դրա համար, կարծում եմ, ևս ժամանակ է պետք։ Իմիջիայլոց, հայրս իր հարցազրույցներում շատ հստակ արտահայտվում է։
-Բայց դուք, երբ Արցախը հանձնեցին, հաշտ էիք այս իշխանությունների հետ, երբ Ջերմուկից, Սև լճից ու մյուս տարածքներից հողեր տվեցին, երբ Կիրանցում տարածքներ տվեցին, Ձեր հայրն այդ ամենը արդարացնում էր։ Երբ ասում էին, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, հանձնել է մեր հայրենիքի մի մասը՝ Արցախը, դավաճանել է մեր պետությանն ու հայրենիքին, այդ ժամանակ դարձյալ հաշտ էիք այդ ամենի հետ ու մի բան էլ արդարացնում էիք Փաշինյանի այդ բոլոր արարքները։ Հիմա փոխվե՞լ է ձեզ մոտ ինչ-որ բան այդ հարցում։
-Նիկոլ Փաշինյանը Արցախը չի հանձնել և Նիկոլ Փաշինյանը հայրենիքի դավաճան չէ։ Ես էդպես չեմ կարծել, ես էդպես չեմ կարծում և էդպես չեմ կարծի։ Պետք չէ ընկնել ծայրահեղությունների դաշտ, և էն ճանապարհը, որ ՔՊ-ի հետ անցել ենք, էդ ճանապարհը իզուր չենք անցել, և հիմա, որ մեր ջրերն այլևս նույն առվով չեն հոսում, դա չի նշանակում, որ պետք է ամեն ինչ ժխտել և ծայրահեղությունների գիրկն ընկնել։ Էդպիսի բան չկա, էդպես չենք մտածել, էդպես չենք մտածում։
-Այդ դեպքում էլ ի՞նչը ձեր դուրը չի գալիս ՔՊ-ում, միայն ձեր անձի շուրջ եղած խնդի՞րն էր։ Ստացվում է, մինչև ՔՊ-ի այդ արատավոր բարքերը ձեր դուռը չծեծեցին, այդ ուղտը ձեր դռանը չչոքեց, դուք չհասկացաք, որ պետք է դուրս գալ այդ կուսակցությունից։
-Դե, էնպես ստացվեց, որ էն, ինչ տեղի ունեցավ մեզ հետ, մեր ընտանիքի հետ, դրանք նաև կոնկրետ քաղաքական աստառ էին իրենց մեջ պարունակում, այսինքն, եթե էդ երևույթը, էդ հայտնի դեպքերը, որ տեղի ունեցան մեզ հետ, տեղի ունենային այլ մարդկանց հետ, ես դրա հետ նույնպես անհաշտ կլինեի և անթույլատրելի կհամարեի նմանատիպ գործելաոճը ևս։ Ուղղակի էնպես ստացվեց, որ դա մեզ հետ տեղի ունեցավ, և զուգադիպությունը, գուցե ոմանց համար պարադոքսալ թվա, բայց դա, կարծում եմ, տրամաբանական է։