«Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող Վանաձոր քաղաքում գործող հացի արտադրամասում (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Գր, Լուսավորիչ 45) հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի այնպիսի խախտումներ, որոնք անհամատեղելի են սննդամթերքի արտադրության հետ: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Մասնավորապես՝
- շինության կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառում պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը. ողջ գործընթացն իրականացվում է մեկ՝ մասնակի տարանջատված տարածքում.
- սանհանգույցի դուռը բացվում է դեպի արտադրական տարածք.
- արտադրական տարածքի որոշ հատված չունի առաստաղ. չի կանխարգելվում մասնիկների թափվելու հնարավորությունը պատրաստվող սննդամթերքի մեջ.
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող գույքը և պարագանները, մասնավորապես՝ ջեռոցի տապակները, չեն պահվում բարվոք վիճակում։
Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: