Ինչպե՞ս են պատժելու քաղաքացիներին, եթե նրանք ամիսներ շարունակ բոյկոտեն ու չվճարեն տրանսպորտի համար
Փետրվարի մեկից սկսած քաղաքացիներից շատերը բոյկոտում են տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ, և այդ բոյկոտն արտահայտում են կա՛մ ընդհանրապես ուղեվարձի համար չվճարելով, կա՛մ վարորդին 100 դրամ տալով։ Եվ, ինչպես վստահեցնում են բոյկոտող քաղաքացիները, իրենք այս քայլին այնքան ժամանակ են գնալու, քանի դեռ քաղաքապետարանը նոր արտահերթ նիստով չի վերականգնել մեկ ուղևորության համար 100 դրամ արժեքը։
Այսինքն՝ քաղաքացիներն ամիսներ շարունակ կարող են հայտարարել, որ բոյկոտ են իրականացնում և հանրային տրանսպորտից օգտվելիս ոչինչ չվճարել։ Այս դեպքում ի՞նչ է անելու «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն, արդյո՞ք կա հստակ քայլերի ճանապարհային քարտեզ, հաշվարկվե՞լ է, թե որքան վնաս է օրական կրում ընկերությունը՝ այս բոյկոտի հետևանքով, և հնարավո՞ր է այս ամենը կանխելու համար ավտոբուսներում նաև հսկիչներ լինեն, ինչպես օրեր առաջ հայտարարվում էր տարբեր ուժերի կողմից։ Նշված հարցերի պատասխանը MediaHub-ը պարզեց՝ զրուցելով «Երևանի ավտոբուս»-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանի հետ։
Վերջինս, թեև թվային տվյալներ չներկայացրեց, սակայն ասաց, որ հավաքագրման թվերի արդյունքը վատը չէ, այսինքն՝ քաղաքապետարանի կողմից այսպես թե այնպես սուբսիդավորում լինելու է։
«Ամենօրյա ռեժիմով հաշվարկվում է ուղևորահոսքերի և հավաքագրումների թիվը։ Պարզ է, եթե ենթադրենք՝ բոլորը վճարում անում են, դրանից նախ և առաջ շահում են վարորդներն ու «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակիցները։ Բայց անգամ այդ դեպքում է Երևանի քաղաքապետարանը սուբսիդավորում։ Հիմա եթե բոյկոտ լինի, այդ հավաքագրումները պատշաճ չիրականացվեն, ապա խնդիր է առաջանալու։ Հա, մեկ ամիս, ենթադրենք, սուբսիդիայի թիվը մեծացավ, երկու ամիս․․․, բայց, բնականաբար, ընկերությունը պիտի փորձի շահույթ ապահովել։ Բայց հիմա վաղ է այդ մասին խոսելը, թե ինչ կլինի, որ մի ամիս էլ, օրինակ, բոյկոտը շարունակվի»,- մեզ հետ զրույցում նշեց Ասատրյանը։
Ինչ վերաբերում է հսկիչներին, ապա, Ասատրյանի խոսքով, «Երևանի ավտոբուս»-ում գծային հսկողության բաժին կա, որն այս պահին ինը հաստիք ունի։
«Այս հսկիչները կկարողանա՞ն միաժամանակ բոլոր ավտոբուսներում լինել։ Ոչ։ Նրանց գործառույթը քաղաքացիների բողոքներին ընթացք տալն է, ավտոբուսների մաքրությանը հետևելը, վալիդատորների անսարքության դեպքում «Telcell»-ին դիմելը»,- ներկայացրեց նա։
Դիտարկմանը, որ վերջին օրերին ավելացել է նաև որոշ վարորդների վերաբերյալ բողոքների թիվը, ուղևորները նշում են, որ շատ վարորդներ բոյկոտողների հետ վեճի են բռնվում, Գեղամ Ասատրյանն արձագանքեց՝ այդ մասով իրենց հսկողության բաժին ահազանգ չի ստացվել։ Նա վստահեցրեց, որ իրենք վարորդներին հորդորում են ոչ մի կերպ քաղաքացիների հետ վեճի չբռնվել, քանի որ վարորդի միակ գործառույթը մեքենան վարելն է։
Այսինքն՝ կարող ենք նշել, որ այս պահին որևէ հստակ որոշում չկա, թե ինչպես է քաղաքային իշխանությունը վարվելու բոյկոտող ու հանրային տրանսպորտից անվճար օգտվող քաղաքացիների հետ։