Գյումրիում 1,5 տարեկան երեխան կոյուղի մաքրող հեղուկ է խմել ու հայտնվել հիվանդանոցում
Aravot.am-ի տեղեկություններով, երեկ ուշ երեկոյան՝ ժ.22.00-ի սահմաններում, ծնողների ուղեկցությամբ Գյումրի ԲԿ-ի մանկական բաժանմունք են տեղափոխել Գյումրու Անի թաղամասի 1,5 տարեկան բնակիչ Է․Ս․ին՝ «ըմպանի, շրթունքների քիմիական այրվածք» ախտորոշմամբ։
Ծնողները հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին հայտնել են, որ փոքրիկը այրվածքը ստացել է իրենց բնակարանի սանհանգույցի պահարանում դրված «Կռոտ» տեսակի քիմիական մաքրող հեղուկը պատահաբար խմելու հետևանքով։ Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։
Գյումրի ԲԿ-ի փոխտնօրեն, մանկական բաժանմունքի պատասխանատու Կարեն Գևորգյանը մեզ տեղեկացրեց, որ բուժօգնությունից հետո երեխան լավ է զգում իրեն, արդեն դուրս է գրվել։