Ռուս և լատվիացի քաղաքացիներ են բերման ենթարկվել, կասկածվում են մետրոյում խուլիգանություն կատարելու համար
Այսօր՝ փետրվարի 3-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստի ժամանակ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը քաղաքապետ Տ. Ավինյանին տեղեկացրեց, որ փետրվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Մետոպոլիտենում: Անհայտ անձինք «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» երթևեկող գնացքն արտակարգ կանգառ են արել, որի ժամանակ էլ քաղաքացին գնացքի միջից սեղմել է արգելակման «Ստոպ» կոճակն ու արգելակել է գնացքը:
Մինչ գնացքավարը դիսպետչերին հայտնել է տեղի ունեցածի մասին, այդ ընթաքում բաց տարածքում 4-5 դիմակավորված անձինք անցել են պատն ու սկսել գնացքի վրա գունավոր ներկերով ինչ-որ գործողություններ անել:
Բ. Սեդրակյանը տեղեկացրել է նաև, որ դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել ու Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության և Մետրոպոլիտենի աշխատակիցների օպերատիվ գործողությունների շնորհիվ արարքը կատարողները հայտանբերվել են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետվարի 1-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի Հանրապետության հրապարակ ընկած հատվածում մի քանի դիմակավորված անձինք ներկում են մետրոյի վագոնները և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ միմյանց հետ հաղորդակցվում են ռուսերեն:
Այդ մարդիկ փակել են մետրոյի դիմացը և ինչ-որ բաներ են նետել գնացքի վրա:
Այս օպերատիվ տեղեկությունը համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել է ժամը 21:30-ի սահմաններում, իսկ արդեն կարճ ժամանակ անց ոստիկանության մետրոպոլիտենի բաժնում ստացվում են տեղեկություններ, որ անհայտ անձինք քարեր են նետում մետրոյի ուղղությամբ, ինչի համար խոչընդոտ է առաջանում և մետրոյի գնացքը չի կարողանում տեղաշարժվել:
Կարճ ժամանակ անց Մետրոպոլիտենում է օպերատիվ տեղեկություն է ստացվում, որ 8-10 հոգի անցել են կայարանների միջանկյալ հատվածը, մագլցել պատի վրա, մոտեցել են մետրոյի գնացքին և սկսել խուլիգանական գործողություններ կատարել՝ ներկելով վագոնները:
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության համայքնային ոստիկանության գլխավոր վարչության Մետրոպոլիտենի բաժնի և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների շնորհիվ ճշտվում է խուլիգանություն կատարողների իսկությունն ու գտնվելու վայրը և ԱԱԾ-ի ու ոստիկանության համատեղ գործողությունների շնորհիվ ՀՀ սահմանը հատելիս Բագրատաշեն անցակետում հայտնաբերվում են նշված անձինք և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվում և տեղափոխվում են ոստիկանության Մետրոպոլիտենի բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկվածներն են Լիտվայի Հանրապետության քաղաքացի 36-ամյա Լուկաս Ռևինսկասը, ՌԴ քաղաքացիներ 20-ամյա Գեորգի Րադգինը, 20-ամյա Սավելիյ Բիրյուկովը, 27-ամյա Նիկիտա Վոլչենկովը, 19-ամյա Ստեփան Սայը:
Նշված անձինք բռնվել են Բագրատաշենի սահմանային անցման կետում, երբ փորձել են հատել ՀՀ սահմանը:
Բոլորը ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնից ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ ձերբակալվել են:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալներից Լուկաս Ռևինսկասը «Պոպիս» ճարտարապետական ստուդիայի տնօրենն է, Գեորգի Րադգինը սովորում է Մոսկվայի «МХПИ» քոլեջի 2-րդ կուրսում, Սավելիյ Բիրյուկովը սովորում է Սամարայի պոլիտեխնիկական ինստիտուտում, իսկ Ստեփան Սայը սովորում է Մոսկվայի ճարտարապետական և ինժեներական քոլեջում: