Երևանում կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ին պատկանող երկու՝ Երևանի Գայի պողոտա 8/2 հասցեում գործող աղցանների, խոհարարական արտադրանքի և Տիգրան Պետրոսյան 44/1 հասցեում գործող կրեմային հրուշակեղենի և ալրային կիսապատրաստվածքների արտադրամասերի արտադրական գործունեությունը։
Որոշման համար հիմք են ծառայել այն խախտումները, որոնք հայտնաբերել են Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները նշված արտադրամասերում իրականացրած ստուգումների ընթացքում։ Մասնավորապես՝ աղցանների, խոհարարական արտադրանքի արտադրամասում՝
Սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն:
Շինությունները սարքավորված չեն եղել մինչև նախամուտք մտնելուց առաջ աշխատանքային համազգեստի համար կախիչներով:
Արտադրական շինություններում պահվել են անձնակազմի անձնական հագուստ-կոշիկները:
Արտադրամասի սարքավորումները, գործիքները, հումքի մշակման սեղանը, լվացարանը չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:
Իսկ կրեմային հրուշակեղենի և ալրային կիսապատրաստվածքների արտադրամասում, բացի վերոնշյալ խախտումներից, նաև՝
Արտադրական շինությունների հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, եղել են վնասված:
Եփման վառարանը, օդատար համակարգը չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:
Սահմանվել է ժամկետ նշված արտադրամասերում հայտնաբերված խախտումները վերացնելու համար: