Ահազանգ. թուրքական քարոզչություն Երևանի դպրոցում՝ Կ. Փայլանի մասնակցությամբ
Yerkir.am-ն ահազանգ է ստացել, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Ավետիսյան դպրոցում (դպրոցը ոչ պետական միջնակարգ հանրակրթական հաստատություն է, որը գործում է 1999 թվականից) մոտ երկու օր առաջ բարձր դասարանների աշակերտներին հավաքել են և ասել՝ պատրաստ եղեք, կարևոր հյուր է գալու, ձեզ լավ կպահեք։
Պարզվում է՝ դպրոց հյուր է եկել Թուրքիայի Մեջլիսի նախկին պատգամավոր ոչ անհայտ Գարո Փայլանը։ Հանդիպմանը խոսվել է, որ հայերը պետք թուրքերի հետ հաշտ ապրեն, հանեն իրենց միջից թշնամանքը, իրենց խելոք պահեն, այլապես՝ թուրքերը նորից կմորթեն հայերին։ Ու իբրև շանտաժ՝ հանդիպմանն օրինակ է բերվել հայության վերջին գոյապայքարը, ասվել՝ ձեզ նման հազարավոր ջահելներ ևս գնացին կռվեցին, ու բոլորին կոտորեցին։ Ասվել է նաև, որ եթե դասեր չքաղեք՝ ձեզ էլ նույն կերպ կկոտորեն։
Yerkir.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ այս ամենը դուր չի եկել թե՛ աշակերտներին, թե՛ կոլեկտիվի անդամներին։ Ոմանք նույնիսկ ակնարկ են արել, որ ստիպված են եկել հանդիպմանը։
Հատկանշական է, որ Ավետիսյան դպրոցն աչքի է ընկել հայրենասիրական դաստիարակության ուղղված իր գործելաոճով, և զարմանալի կամ տարօրինակ է, որ հանդիպումը եղել է հենց այնտեղ։
Այստեղ կա 2 հանգամանք.
1. ինչպե՞ս է հնարավոր է դարձել վաղվա զինվորի, զինվոր ծնող ապագա մայրերի ու հայրենիքի վաղվա արժանապատիվ քաղաքացիների շրջանում իրականացնել թշնամի պետության ներկայացուցչի քարոզչություն,
2. ինչպե՞ս է հնարավոր ակնհայտ քաղաքական, աշխարհաքաղաքական, ավելին, թշնամի պետության արտաքին քաղաքականության ողջ օրակարգի մասին քարոզչություն իրականացնել անչափահասների շրջանում, միջավայր որտեղ քաղաքական բնույթի քարոզչություն օրենքով արգելված է։
Թե՛ հրապարակային, թե՛ գրավոր դիմում ենք ՀՀ ՄԻՊ-ին և ԿԳՄՍՆ-ին՝ հետևյալ հարցերով.
1. տեղյա՞կ են նշված հանդիպման մասին,
2. ո՞վ է թույլ տվել այն,
3. ո՞վ է դպրոցականների շրջանում քաղաքական, թշնամի պետության քաղաքական օրակարգերի մասին քարոզչության կազմակերպման ու թույլատրման համար պատասխան տալու,
4. եղե՞լ է կամ լինելու՞ է, արդյոք, այլ կրթական հաստատություններում նշված անձը, եթե այո, ապա որտեղ։