Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում. վիրավոր կա
Հունվարի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Տարտուի փողոցի 1-ին շենքի բակում կրակոցներ են հնչել, հայտնում է Shamshyan.com-ը։
Ու մինչ քրեական վարչության ծառայողները կժամանեին դեպքի վայր, համայքների ոստիկանները պարզում են, որ այդ օրը նշված վայրից «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Արմեն Ա.-ն։
Համայնքային ոստիկանները մեկնում են հիվանդանոց և տեղում բժիշկները հայտնում են որ ժամը 21:45-ի սահմաններում «ձախ դաստակի 2-րդ մատի ջնջխված հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզում են, որ այդ քաղաքացին Արմեն Ա.-ն է։
Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, համայնքային ոստիկանները պարզում են, որ վնասվածքը նա ստացել է անզգուշաբար կրակելու արդյունքում՝ ատրճանակը փորձարկելիս, իսկ նրա տանը չհրկիզվող պահարանից ներկայացնում է ատրճանակը՝ իր փամփշտատուփով, որի մեջ առկա է եղել 4 փամփուշտ, 2 կրակված փամփուշտ, ինչպես նաև 18 հատ մեկնարկային ատրճանակի փամփուշտ և «Մակարով» տեսակի ատրճանակը։
Վերջինս հայտարարել է, որ այն գտել է իրենց շենքի բակից, և վնասվածքը ստացել է ատրճանակը փորձարկելիս, իր անզգուշության հետևանքով ու որևէ մեկին դիտավորյալ վնասելու նպատակ չի ունեցել։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։