Իրանի ղեկավարությունը հիմքեր չի տեսնում Թրամփի վարչակազմի հետ ուղիղ բանակցություններ սկսելու համար․ Արաղչի
Իրանի ղեկավարությունը հիմքեր չի տեսնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ ուղիղ բանակցություններ սկսելու համար` հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին: Նրա խոսքով՝ իրանական սառեցված ակտիվների արգելափակման վերացումը կարող է դառնալ Թեհրանի և Վաշինգտոնի միջև վստահության վերականգնման առաջին քայլը:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ հնարավոր բանակցությունների հաջողության դեպքում կողմերը կկարողանան այլ խնդրահարույց թեմաների քննարկում սկսել, այդ թվում՝ Սիրիայի և Լիբանանի վերաբերյալ:
Արաղչին նաև հայտարարել է, որ Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե ԱՄՆ-ի աջակցությամբ հարված հասցնի Իրանի միջուկային օբյեկտներին։ Նրա խոսքով՝ այդ օբյեկտները ցրված են Հանրապետության տարածքում և պաշտպանված են հակաօդային պաշտպանության հզոր համակարգերով:
«Ես կարող եմ ասել, որ այդ օբյեկտների վրա հարձակումը գրեթե անհնար է»,- ընդգծել է Արաղչին, հավելել՝ ներկայումս Իրանը միջուկային զենք չունի, բայց կարող է պատրաստել: