Սպերցյանն անկման եզրի՞ն է. Բերեզովսկին խորհուրդ է տվել հայ կիսապաշտպանին
Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին կարծում է, որ Էդուարդ Սպերցյանի` այլ ակումբ տեղափոխվելու ժամանակն է։ Նրա կարծիքով, «Կրասնոդարի» կիսապաշտպանը չափազանց սովորել է ՌՊԼ-ին և փոփոխության կարիք ունի։
«Հիմա թվում է, թե նա ավելի քիչ է ցուցադրում վառ հանդիպումներ։ Հնարավոր է՝ սովորել է ՌՊԼ-ին։ Վաղ շրջանում նա շատ կարևոր գոլեր էր խփում, թիմի առաջատարն էր։ Երբեմն անհրաժեշտ են ինչ-որ ցնցումներ, օրինակ՝ ակումբի փոփոխություն», – Armsport-ի փոխանցմամբ՝ ասել է Բերեզովսկին «Championat»-ին։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը Ռուսաստանի առաջնությունում անցկացրել է 18 հանդիպում՝ խփելով վեց գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։
Ավելի վաղ իտալացի սպորտային ֆունկցիոներ Ջովանի Մաննան «РБ Спорт»-ին հայտնել էր, որ 2024 թվականի սկզբում «Յուվենտուսը» դիտարկում էր «Կրասնոդարի» ավագի տրանսֆերի տարբերակը։ Բացի այդ, «Սպարտակի» նախկին նախագահի նախկին խորհրդական Ֆրանկո Կամոցին ենթադրել է, որ հայ կիսապաշտպանը կարող է տեղափոխվել եվրոպական ակումբ 2025 թվականի ամռանը։