Հայաստանի ներքաղաքական թիվ մեկ խնդիրը մոտեցող ընտրություններն են. Գարիկ Քեռյան
«Հայաստանի ներքաղաքական թիվ մեկ խնդիրը մոտեցող ընտրություններն են»,-գրում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը։
Նրա խոսքով, պարզ է, որ կառավարող քաղաքական ուժի թիվ մեկ խնդիրն էլ կրկին վերարտադրվելն ու իշխանությունը պահելն է:
«Իմ դիտարկումներով պետք է, որ 2025 թ. ամռանը կամ աշնան սկզբներին լինեին արտահերթ ընտրություններ: Ինչու՞, որովհետև Թրամփի հաղթանակն առավել հավանական է դարձնում ուկրաինական պատերազմի ավարտը, որն իր հերթին առավել հավանական է դարձնում ռուսական գործոնի ազդեցության ուժեղացումը:
Ուրեմն իշխանությունը պահելու տրամաբանության համապատասխան պետք է վերարտադրվել քանի դեռ օտարերկրյա ազդեցության գործոնը չի ակտիվացել: Սա առաջին փաստարկը:
Երկրորդը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումն է: Պայմանագրի շուրջ քաղաքական գործընթացները հակասական բնույթ են կրում: Պայքար մոդերատորության համար Մոսկվայի և Բրյուսել/Վաշինգտոն տանդեմի միջև, էլեկտրոնային դիվանագիտություն Երևան- Բաքու ուղեգծով, Թեհրանի և Անկարայի անդրկուլիսյան բավականին կոշտ ճնշումներ և մեծ հավանականությամբ սեփական շահերից բխող պահանջներ ու նախապայմաններ:
Վերջին թարմ լուրն այն է , որ 17 հոդվածից 15-ն արդեն համաձայնեցվել է: Հանրության և փորձագիտական շրջանակներն այդպես էլ տեղեկացված չեն և կռահելով են միայն կարծիքներ հայտնում: Ակնհայտ է, որ իշխող ուժի համար ավելի նպաստավոր է սկզբում ընտրությունները և հետո պայմանագիրը, որովհետև նրա բովանդակությունն ամենայն հավանականությամբ բացասաբար է անդրադառնալու կառավարողների վարկանիշի վրա:
Սակայն վերջին հարցազրույցի ժամանակ վարչապետն ուղղակի նշեց, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու: Ինչպես կարելի է բացատրել այս հայտարարությունը, եթե իրողությունները այլ բան են թելադրում: Իմ կարծիքով վարկանիշային անկում նկատվեց կապված շրջանառության նոր հարկային օրենքի, եկամուտների համաընդհանուր հայտարարագրման, տրանսպորտի թանկացման և մի քանի այլ իրադարձություններ հետ կապված, ինչպես օրինակ, մսավաճառների միջադեպը, պաշտոնանկությունները և ներկուսակցական պառակտումները: Երևանի քաղաքային ավագանու ընտրությունների արդյունքները, երբ մի կերպ հաջողվեց պահել քաղաքապետի աթոռը արդեն հուշում է, որ առավել խնամքով պետք է վերաբերվել վարկանիշին, որպեսզի անակնկալներ չլինեն: Այդ նպատակով է, որ տրանսպորտի վարձավճարը իջեցվեց, իսկ հայտարարագրումն էլ հետաձգվեց:
Մնում է հաղթահարել խաղաղության պայմանագրի ներքաղաքական բացասական ազդեցության հետևանքները, եթե իհարկե այն կնքվի: Իմ կարծիքով ցեղասպանության, Արարատ-Արագած և նմանատիպ այլ քննարկումները կարող են կապված լինել պայմանագրի որոշ հոդվածների բովանդակության հետ: Ամփոփելով նշեմ, որ վերոհիշյալ գործոնների հետ կապված արտահերթ ընտրությունների հարցը նորից կարող է օրակարգային դառնալ»։