Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը
Բելգիայի նոր դաշնային կառավարությունը կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգ վերադարձը։ Այս մասին գրված է կառավարության ծրագրում։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ 236 օր տևած բանակցություններից հետո ձեռք է բերվել համաձայնություն նոր ֆեդերալ կառավարություն կազմելու վերաբերյալ՝ ապագա վարչապետ Բարտ Դը Վևերի գլխավորությամբ։
Բելգիայի աջակողմյան նոր կառավարության ծրագիրը 200 էջանոց փաստաթուղթ է, որը ներառում է բոլոր դաշնային ոլորտները՝ հարկային քաղաքականություն, աշխատանք և գործազրկություն, կենսաթոշակային համակարգ, անվտանգություն, ներգաղթ, շարժունակություն, կլիմա, պաշտպանություն և արտաքին քաղաքականություն։ Ծրագրում անդրադարձ կա նաև Հարավային Կովկասին։ Ըստ նոր կառավարության՝ Հարավային Կովկասը արժանի է Եվրոպայի կողմից ավելի մեծ ուշադրության։
«Այս ռազմավարական կարևոր տարածաշրջանի հետ ոչ միայն խորը մշակութային կապեր ունենք, այլ նաև այն կարևոր դեր է խաղում մեր ապագա էներգամատակարարման և Ասիա տանող տրանսպորտային միջանցքի տեսանկյունից։ Լարված հարաբերությունները և շարունակվող հակամարտությունները, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև, պահանջում են Եվրոպայի և Բելգիայի թիրախային մոտեցումը։ Մենք հստակորեն պահանջում ենք հարգել ներգրավված կողմերի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգ վերադարձը։ Տնտեսական, քաղաքական և հումանիտար համագործակցության շարունակմամբ մենք նպաստում ենք տարածաշրջանի կայունությանը», - ամրագրված է Բելգիայի նոր կառավարության քաղաքական ծրագրում։
Բելգիայի նոր կառավարությունը պետությունը կկառավարի մինչև 2029 թվականը, եթե նոր ճգնաժամ չլինի և կառավարությունը չփլուզվի։