Հայերի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրած տրանսգենդերը կալանավորվել է
Հայերի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրած «Ռիժուլյա» օգտանունով տրանսգենդերը կալանավորվել է։
Երևանի Զաքյան փողոցում գտնվող «Վայբ» սրճարանում ազգությամբ ռուս «Ռիժուլյա» օգտանունով տրանսգենդերը, «Տիկ Տոկ» հարթակում դուրս գալով ուղիղ եթեր, սրճարանի ներսում հայերի հասցեին հնչեցրել էր սեռական բնույթի հայհոյանքներ։
Ոստիկանները նշված սրճարանից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին էին տեղափոխել ՌԴ քաղաքացի 22-ամյա Կիրիլ Ատաևին՝ «Ռիժուլյա»-ին:
ՀՀ քննչական կոմիտեից Aysor.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով:
«Կա մեկ կալանավորված անձ»,- հայտնեցին ՔԿ-ից։
Նշենք, որ «Ռիժուլյա»-ն Երևանում մի քանի անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում:
Նա շաբաթներ առաջ ՀՀ ոստիկանությունից տեսանյութ է հրապարակել, որտեղ նկարահանումներ էր իրականացրել և ծաղրել ոստիկաններին:
2023 թվականին էլ ՀՀ ոստիկանությունը ձերբակալել էր երկու բլոգերի, որոնք Երևանի կենտրոնում ծաղրում էին մարդկանց, մրգեր շպրտում նրանց ուղղությամբ, կոտրում ծաղկի կրպակներից մեկի ծաղիկները: Նրանցից մեկը «Ռիժուլյա»-ն էր: