Ուղևորներին տուգանելը խնդրահարույց է

Օրեր առաջ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտնել էր, որ փետրվարի 1-ից Երևանի հանրային տրանսպորտում հսկիչներ կլինեն։
Այս հայտարարությունից հետո քաղաքացիները հարցեր են բարձրացնում. ովքե՞ր են իրավասու իրենց տուգանել, ի՞նչ չափի տուգանքի մասին է խոսքը։
Այս մասին տեղեկանալու համար Oragir.News-ը կապ հաստատեց իրավաբան, «Նովալեքս» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, իրավագետ Վահե Գրիգորյանի հետ։
«Հսկիչներն ունեն լիազորություն տուգանք կիրառելու, որն այս պահին հավասար է տոմսի արժեքի կրկնապատիկին: 150 դրամ չվճարելու դեպքում տուգանքը փաստորեն կկազմի 300 դրամ»,- նշեց Գրիգորյանը:
Իրավաբանը նաև բացատրեց, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կա հատուկ հոդված, որով սահմանված է տուգանք փոխադրման միջոցի տոմսի գումարը չվճարելու դեպքում։ Դրա մասերից մեկը վերաբերվում է ինքնաթիռին, մյուսը՝ երկաթուղային տրանսպորտին, երկուսն էլ կիրառելի չեն, ուստի կկիրառվի համայնքային և միջհամայնքային տրանսպորտին վերաբերող դրույթը, որի դեպքում սահմանված է տուգանք տոմսի արժեքի կրկնակի չափով:
Վահե Գրիգորյանը նաև հավելեց, որ տվյալ օրենքի կիրառման խնդիրներ կան. օրինակ՝ վկայակոչված հոդվածի կատարումն այժմյան կարգավորումներով պատվիրակված է մի մարմնի, որի գոյության մասին ոչ ոք չգիտի՝ «Քաղաքային և միջքաղաքային մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի և էլեկտրատրանսպորտի մարմինները»։ Բազմաթիվ այլ խնդիրներ էլ կան, ուստի պարզ է, որ այս կարգավորումն արդեն իսկ ձախողված է, և շուտով կլինեն բազմաթիվ ոչ իրավաչափ ակտեր։