ՊԵԿ նախագահն Իրանի դեսպանի հետ քննարկել է մաքսային ու հարկային ոլորտներում փոխգործակցության հարցեր
ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Ֆեյսբուքյան էջում նա տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են մաքսային և հարկային ոլորտներում փոխգործակցության մի շարք կարևոր հարցեր։
«Անդրադարձել ենք սահմանային անցման կետերի ենթակառուցվածքների արդիականացմանը, մաքսային մարմինների միջև էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի ներդրմանը, ինչպես նաև հայ-իրանական սահմանին պարզեցված մաքսային ընթացակարգերի կիրառման հնարավորությանը և օպերատիվ լուծում պահանջող հարցերի արագ արձագանքման մեխանիզմների ստեղծմանը:
Քննարկել ենք նաև մաքսային և հարկային հարցերում փոխադարձ վարչական օգնության մեխանիզմների բարելավման ու կատարելագործման հնարավորությունները։ Հանդիպման ավարտին հաստատել ենք երկկողմ պատրաստակամություն՝ շարունակելու ակտիվ համագործակցությունը»,- նշել է նա։