Սահմանափակե’ք շաքար պարունակող ըմպելիքների օգտագործումը, պահպանե’ք Ձեր առողջությունը. ԱՆ
Nature Medicine գիտական ամսագրում հրապարակվել են գլոբալ հետազոտության արդյունքները, որն ընդգրկել է 184 երկիր՝ տարածաշրջանային և ազգային մակարդակներում, 1990-2020թթ. ժամանակահատվածը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Հետազոտողներն ուսումնասիրել և գնահատել են այդ տարիներին շաքար պարունակող ըմպելիքների սպառման հետևանքով ազդեցությունը 2-րդ տիպի շաքարային դիաբետի (ՇԴ) և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների (ՍԱՀ) վրա:
2020 թվականի տվյալներով` շաքար պարունակող ըմպելիքների օգտագործումն ամբողջ աշխարհում նպաստել է 2-րդ տիպի ՇԴ 2.2 միլիոն և ՍԱՀ 1.2 միլիոն նոր դեպքերի առաջացմանը, ինչը կազմում է դեպքերի 9,8% և 3,1%-ը։ Տվյալները դիտարկվել են ըստ ժողովրդագրական խմբերի, որոնց համաձայն՝ շաքար պարունակող ըմպելիքների օգտագործման բեռն ավելի բարձր է տղամարդկանց, երիտասարդների, բարձրագույն կրթությամբ անձանց և քաղաքային բնակչության շրջանում։