Պապոյանը ծանոթացել է Եղվարդի համակցված կերերի գործարանի տեխնոլոգիական հնարավորություններին
Հունվարի 31-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է «Եղվարդի համակցված կերերի գործարան» ՍՊԸ՝ ծանոթանալու ընկերության գործունեությանը, արտադրական հզորություններին և ոլորտում ներդրված նորագույն տեխնոլոգիաներին։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Նախարարության կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության» և «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության» ծրագրերի շրջանակում «Եղվարդի համակցված կերերի գործարան» ՍՊԸ-ն ձեռք է բերել սարքավորումներ և գյուղատնտեսական տեխնիկա, որոնց արժեքը կազմել է շուրջ 10 մլն դոլար։
«Եղվարդի համակցված կերերի գործարան» ՍՊԸ-ն տարեկան արտադրում է մինչև 60.000 տոննա համակցված կեր՝ օգտագործելով միջազգային ստանդարտներին համապատասխան հումք։ Գործարանն ունի փորձառու և բարձր որակավորում ունեցող ինժեներատեխնիկական անձնակազմ (ավելի քան 100 աշխատակից):
Ընկերությունը մասնագիտացած է գյուղատնտեսական կենդանիների, թռչունների և ձկների համար բարձրորակ համակցված կերերի արտադրության մեջ։
Այցի ընթացքում նախարարը ծանոթացել է գործարանի տեխնոլոգիական հնարավորություններին, արտադրական պրոցեսներին և լաբորատոր հսկողության մեխանիզմներին։ Նա ընդգծել է, որ Եղվարդի համակցված կերերի գործարանը կարևոր դեր ունի Հայաստանի ագրոպարենային ոլորտում՝ ապահովելով ոչ միայն տեղական շուկայի պահանջները, այլև ունի արտահանման մեծ ներուժ։
Գործարանը հագեցած է գերմանական և դանիական առաջատար տեխնոլոգիաներով, ինչը թույլ է տալիս իրականացնել արտադրության ամբողջական ավտոմատ վերահսկում և ապահովել արտադրանքի բարձր որակը։