Արթիկի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել. գողոնի մի մասը հայտնաբերվել է
Հունվարի 28-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում է ստացվել, որ հունվարի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Արթիկում գտնվող ընկերություններից մեկի չշահագործվող տարածքի պատուհանի ճաղավանդակը պոկելու և մուտքի դռան փականը կոտրելու միջոցով մտել են շենք և գողացել հաստոցների մեխանիզմներ ու էլեկտրական տարբեր շարժիչներ՝ ընկերությանը պատճառելով մոտ 2 միլիոն դրամի վնաս: Մեկնել է օպերատիվ խումբ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Արթիկ քաղաքի բնակիչ 28-ամյա, 29-ամյա և 32-ամյա երեք երիտասարդ: Նրանք հրավիրվել են բաժին, խոստովանել արարքը։
Երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 28-ամյա երիտասարդը համաքաղաքացու խորդանոցից իրավապահներին է ներկայացրել 2 ամբողջական և 1 կիսաքանդ շարժիչ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: