2020-ի նոյեմբերին եղել է մի շաբաթ, որ բացի ջրից ուրիշ ոչ մի բան չեմ ընդունել. Փաշինյան
Աշխարհի բոլոր լիդերները սնվում են, ընդհուպ ձվածեղ են ուտում, կան, որ սեփական ձեռքով սարքում են, կասեք՝ ի՞նչ կարիք կա դա ցույց տալու, դա ընտրության և ճաշակի հարց է: Գուցե դա ցույց տալու նպատակներից մեկն այն է, որ այն, ինչ հիմա հիբրիդային պատերազմների խողովակով փորձ է արվում հերթական անգամ հանրությանը «տոկի տալ», մի քիչ իրականում այնքան էլ այդպես չէ: Կարող է լինել այդպիսի նպատակ, կամ գուցե այն, որ ամենատարբեր հարթակներով փորձ է արվում ներկայացնել, թե վարչապետը և նրա ընտանիքը այլևս դադարել են սովորական սնունդ ընդունելուց և հատուկ տեղերից հատուկ չվերթերով ներկրված սնունդ են ընդունում և այլն: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախ՝ աշխարհի բոլոր լիդերները հաց ուտում են՝ անկախ նրանից՝ ինչ բարդ իրադրություններ են երկրում»,- նշեց նա:
Չնայած չգիտեմ՝ ճի՞շտ է, որ մանրամասն բացահայտում եմ, բայց եղել է, որ ես օրերով հաց չեմ կերել, շաբաթով հաց չեմ կերել, շատ կոնկրետ պատճառով. օրինակ՝ 2020 թվականի նոյեմբերին եղել է մի շաբաթ, որ ես բացի ջրից ուրիշ ոչ մի բան չեմ ընդունել: 2021 թվականի նոյեմբերին էլ է եղել տենց բան, որ ես ի հիշատակ մեր նահատակների՝ մի շաբաթ բացի ջրից որևէ ուրիշ բան չեմ ընդունել, և ամսաթվերն էլ կարող եմ ասել. 2021 թվականի նոյեմբերի 8-ից յոթ օր հետ գնացեք կամ գուցե նոյեմբերի 9-ից յոթ օր հետ գնացեք»,- ասաց վարչապետը:
Ինչ վերաբերում է «չաքուչին», չագուչով մարդկանց գլուխը պետք է ջարդեի՞, չէ, չէ: Մուրճը շատ ուժեղ և շատ ուղիղ արտահայտվել է գիտեք ինչով, որ ՀՀ-ը էդ մուրճի բերումով այսօր շատ ավելի անկախ և ինքնիշխան երկիր է, քան շատերը պատկերացնում էին և կարող էին պատկերացնել:
Ուշադիր նայեք և գուցե դրա արտահայտությունները կնկատեք: Այդ մուրճը արտահայտվել է ապօրինի գույքի բռնագանձման համակարգով և հանրային ու այլ դեպքերով, ԶՊՄԿ-ով է արտահայտվել, տասնյակ միլիարդավոր դրամների տեսքով է արտահայտվել, և, այո՛, այդ մուրճը ոչ մեկի գլխին չի իջել և չի իջնելու: Մենք չենք ուզում մի կողմից ապօրինի գույքերը վերադարձնել, մյուս կողմից՝ Հայաստանն այսօր համընդհանուր կերպով ընկալվում է որպես ժողովրդավարական պետություն: Եվ դա իրականություն է, այդ թվում՝ այն պատճառով, որ այդ մուրճը քաղաքական սիմվոլ է և ոչ մեկի գլխին չի ջարդվել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: