Թրամփը ԲՐԻԿՍ-ի անդամներին սպառնացել է 100% մաքսատուրքերով, եթե նրանք հրաժարվեն ԱՄՆ դոլարից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ԲՐԻԿՍ-ի երկրներն ստեղծեն իրենց արժույթը և հրաժարվեն փոխադարձ հաշվարկներում օգտագործել ամերիկյան դոլարը, ապա նրանց 100% մաքսատուրքեր են սպասվում ԱՄՆ ներկրվող ապրանքների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է իր Truth Social սոցիալական հարթակում։
«Այն գաղափարը, որ ԲՐԻԿՍ-ի երկրները փորձում են հեռանալ դոլարից, իսկ մենք մի կողմ կանգնած նայում ենք այդ ամենին, ավարտված է: Մենք պատրաստվում ենք թշնամական թվացող այս երկրներից պահանջել պարտավորություն առ այն, որ նրանք չեն ստեղծի ԲՐԻԿՍ-ի նոր արժույթ և չեն աջակցի որևէ այլ արժույթի, որը կփոխարինի հզոր ԱՄՆ դոլարին, այլապես նրանք կբախվեն 100% մաքսատուրքերի և պետք է ակնկալեն հրաժեշտ տալ վաճառքներին ԱՄՆ հիանալի տնտեսությանը», - գրել է Դոնալդ Թրամփը։
Նրա խոսքով՝ «ոչ մի շանս չկա, որ ԲՐԻԿՍ-ն ամերիկյան դոլարը կփոխարինի միջազգային առևտրում»։
«Ցանկացած երկիր, որը կփորձի դա անել, պետք է ողջունի մաքսատուրքերը և հրաժեշտ տա Ամերիկային», - եզրափակել է նա։