Հայտարարագիրը հարկային դաշտ կբերի մարդկանց, որոնք պարտավոր էին եկամտային հարկ վճարել, բայց չեն վճարել. վարչապետ
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին զուգընթաց ավելի քան 800 հազար վարձու և պայմանագրային աշխատող հանդիսացող քաղաքացիների համար մեկնարկում է համընդհանուր հայտարարագրումը, որը հայտարարագրվող քաղաքացիների եկամուտների ավելացման անուղղակի համակարգ է նաև: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Համընդհանուր հայտարարագրման արդյունքում քաղաքացիները իրենց վճարած եկամտային հարկից տարեկան մինչև 100 հազար դրամ կարող են ետ ստանալ առողջապահության ապահովագրության, ատամնաբուժության, բուհերում, քոլեջներում և վճարովի դպրոցներում, մասնավոր դպրոցներում ուսման վճարների, հանրակրթական դպրոցներում դասագրքերի վարձակալության, մանկապարտեզների վճարների ... ինչպես նաև վերապատրաստման, որակավորման, վերաորակավորման, կրթական ծառայությունների, այսինքն` իրենց և իրենց երեխաների առողջապահության և կրթության համար կատարված վճարների դիմաց»,- հիշեցրեց վարչապետը:
«Հայտարարագրերի լրացման արդյունքում վերը նշված ուղղություններով քաղաքացիների կատարած շուրջ 70 մլրդ դրամի ծախսեր կվերադարձվեն քաղաքացիներին կամ նաև զուգահեռ նշված ուղղություններ կուղղորդվի լրացուցիչ մի քանի տասնյակ միլիարդ դրամ, այսինքն՝ այդ ոլորտների քաղաքացիներին վերադարձնում ենք, բայց դրա հարակից էֆեկտը կլինի այն, որ այդ իմ թվարկած ոլորտները լրացուցիչ մի քանի տասնյակ միլիարդ դրամի ֆինանսավորում կստանան այդ ճանապարհով»,- նշեց նա:
Վարչապետի խոսքով՝ որևէ պարագայում սոցիալապես խոցելի խավի համար չի կարող սա լրացուցիչ որևէ հարկային կամ ֆինանսական բեռ ապահովել կամ ավելացնել:
«Ընդհանրապես որևէ մեկի համար չի կարող, ինչո՞ւ, որովհետև համընդհանուր հայտարարագրման համակարգում չի նախատեսվում Հայաստանի հարկային օրենսդրության որևէ փոփոխություն կամ որևէ դրույքաչափի փոփոխություն, այսինքն՝ այն, ինչ ՀՀ օրենսդրությամբ պետք է հարկվեր համընդհանուր հայտարարագրի համակարգի ներդրումից առաջ, նույն կերպ պետք է հարկվի նաև ներդրումից հետո»,- պատասխանելով լրագրողի հարցին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ եթե մարդը չի աշխատում՝ այս տարի առնվազն չի լրացնելու համընդհանուր հայտարարագիր:
«Եթե մարդն աշխատող է, համընդհանուր հայտարարագիր լրացնելիս որևէ նոր հարկային բեռ չի ավելանում իր վրա:
Այս հայտարարագիրը հարկային դաշտ կբերի այն մարդկանց, ովքեր օրենքով նախկինում 5 տարի առաջ, 10 տարի առաջ գոյություն ունեցող օրենքով պարտավոր էին եկամտային հարկ վճարել, բայց չեն վճարել, բայց նույնիսկ այս դեպքում մարդիկ կարող են մինչև 100 հազար սոցիալական կրեդիտները ետ ստանալ»,- բացատրեց վարչապետը: