Երևանի ավագանու արտահերթ նիստում քննարկվում է 150 դրամով տրանսպորի 1 ուղևորատոմս գնելու առաջարկը
Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ հունվարի 31-ին ավագանու արտահերթ նիստ է հրավիրվել, որի օրակարգում 1 ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու հարցն է։ Այս մասին նախագծում լրացում կատարելու առաջարկը Երևանի քաղաքապետարանի արտահերթ նիստին ներկայացրեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Ըստ փոխքաղաքապետի՝ 1 ուղևորության համար 150 դրամով 1 ուղետոմս գնելու տարբերակը գործելու է 2025 թվականի փետրվարի 1-ից, պահպանվելու է 2025 թվականի ընթացքում՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը:
«Նախատեսվում է նաև, որ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի փետրվարի 28-ը արդեն իսկ ձեռք բերված և մինչև փետրվարի 28-ը ձեռք բերվող 30-օրյա, 90-օրյա, 365-օրյա տոմսերը՝ թե՛ հիմնական գնով ձեռք բերված, թե՛ զեղչված (բացառություն են կազմում միայն ամբողջությամբ անվճարները), նաև ստանալու են հավելյալ 30 օր օգտագործման ժամկետ»,- ասաց Սուրեն Գրիգորյանը: