Երբ, ով և ինչ է բանակցել Մեղրիի շուրջ՝ ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի
ԱՄՆ պետդեպարտամենտը գաղտնազերծել է փաստաթղթեր, որոնք վկայում են՝ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը տետ ա տետ՝ առանց միջնորդների, համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ` Մեղրին Ղարաբաղի դիմաց։ Ամերիկյան գաղտնի հեռագրերը բացահայտում են մանրամասներ, որոնք մինչ այս երբեք չեն հրապարակվել։
«Ղարաբաղյան բանակցություններում տարածքների փոխանակման տարբերակը հայտնի է որպես Գոբլի պլան՝ Պետքարտուղարության նախկին աշխատակից Փոլ Գոբլի անունով։ Հենց նա էր հրապարակ հանել այդ գաղափարը 1992-ին, երբ նախկին պետքարտուղար Սայրուս Վենսը ՄԱԿ-ի հանձնարարությամբ այցելել էր Ղարաբաղ։
Գոբլը Պետդեպում բարձր պաշտոն չէր զբաղեցնում, նրա առաջարկն էլ պաշտոնական չէր: Բայց, ինչպես գաղտնազերծված փաստաթղթերն են վկայում, այդ հարցը 90-ականների սկզբին արդեն փակ դռների ետևում սկսել էր քննարկվել ամենաբարձր մակարդակով, ընդ որում՝ ոչ թե Գոբլի, այլ՝ Թուրքիայի իշխանությունների կողմից։ Եվ այսօր դժվար է ասել՝ ով էր այն առաջինը շրջանառել: Հստակ է, որ Թուրքիայի նախագահը դեռ 1992-ին՝ Հայաստանի անկախացումից մեկ տարի անց, այդ առաջարկը դրել է Ամերիկայի նախագահի սեղանին:
Այդ տարիներին Հայաստանում իշխող վարչակազմը, սակայն, հրաժարվել է քննարկել այդ գաղափարը, ինչի մասին նշվում է 1997-ի սեպտեմբերի դիվանագիտական հեռագրերից մեկում:
Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, սակայն, ինչպես գաղտնազերծված փաստաթղթերն են վկայում, տարածքների փոխանակման գաղափարը մտել է բանակցային օրակարգ՝ Ռոբերտ Քոչարյան-Հեյդար Ալիև տետ ա տետ հանդիպումների շնորհիվ։ Դրանից առաջ միջնորդների ներկայացրած փուլային, փաթեթային, ընդհանուր պետության տարբերակները մերժվել էին այս կամ այն կողմից. այդ փուլում, երբ թվում էր՝ բանակցությունները փակուղի են մտել, Քոչարյանն ու հայր Ալիևը սկսել էին հանդիպել առանց միջնորդների»,- տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։
«Ազատության» տրամադրության տակ են Պետդեպի գաղտնազերծած մի քանի փաստաթղթեր, որտեղ ամերիկացի դիվանագետներն ու նրանց բարձրաստիճան զրուցակիցները նշում են՝ հենց այդ հանդիպումների արդյունքում 1999-ի սեպտեմբերին Քոչարյանը սկզբունքորեն համաձայնել է տարածքների փոխանակման Ալիևի առաջարկին։ Ըստ ամերիկացի դիվանագետների՝ դա տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանի Սադարակի հատվածում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: