Սերբ ուսանողները երթով շարժվում են դեպի Նովի Սադ
Սերբիայի համալսարանների հարյուրավոր ուսանողներ հինգշաբթի 80 կիլոմետրանոց երթ են սկսել մայրաքաղաք Բելգրադից դեպի Նովի Սադ քաղաք, որտեղ անցյալ տարի փլուզվել էր երկաթուղային կայարանի տանիքը, ինչի հետևանքով զոհվել էր 15 մարդ: Ողբերգությունը երկրում ամենասուր քաղաքական ճգնաժամի պատճառ դարձավ, Բելգրադում և մյուս քաղաքներում ցույցերը չեն դադարում:
Ուսանողները պահանջում են Նովի Սադում տեղի ունեցած վթարի պատճառների թափանցիկ հետաքննություն՝ պատասխանատվության ենթարկելով մեղավորներին: Նրանց կարծիքով՝ իշխանությունների կոռումպացված լինելն է հանգեցրել կայարանի անորակ վերանորոգմանը։
Անցյալ շաբաթվա վերջին բողոքի ցույցերը վերաճեցին համընդհանուր գործադուլի, իսկ հետո ուսանողները մեկ օրով փակեցին Բելգրադի գլխավոր մայրուղու հանգույցը։ Շաբաթ օրը Նովի Սադ ժամանելուն պես ուսանողները նախատեսում են կազմակերպել Դանուբի վրայով քաղաքի կամուրջների շրջափակում։
Բողոքի ակցիայի մասնակիցների կարծիքով, ուսանողները սկսեցին նաև քաղաքական կարգախոսներ առաջ քաշել, երբ կառավարությունը ականջալուր չեղավ իրենց պահանջներին: Այս ֆոնին հրաժարական տվեց Սերբիայի վարչապետը։
Ուսանողները մերժել են նախագահ Ալեքսանդր Վուչիչի բանակցությունների առաջարկը՝ ասելով, որ բանակցելու թեմա չկա։ Իշխանություններն ուսանողներին մեղադրել են օտարերկրյա ուժերի հետ համագործակցելու համար՝ իշխանությունը տապալելու նպատակով: