Ուզում եմ վարչապետ Փաշինյանին սրտանց հրավիրել մեր երկիր, մեծ պատիվ կհամարենք Ձեզ ընդունել. Իրակլի Կոբախիձե
Ինձ համար մեծ հաճույք և պատիվ է ժամանել Հայաստան, սա իմ երկրորդ այցելությունն է Երևան: Նման հաճախականությունը նշանակում է, որ Վրաստանը մեծ հետաքրքրություն ունի հարաբերությունները Հայաստանի հետ ընդլայնելու և խորացնելու հարցում:
Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի արդյունքներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ:
«Ես ցանկանում եմ ջերմորեն երախտագիտություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Փաշինյանին և մեր հայ բարեկամներին ջերմ ընդունելության համար: Եվ ուզում եմ կրկին նշել, որ մեր երկրները կապված են երկարատև բարեկամության և գործընկերության կապերով: Սա վերաճել է նաև ռազմավարական գործընկերության մեր երկու երկրների միջև: Այս գործընկերությունը խիստ կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար՝ անվտանգության, բարգավաճման և կայուն զարգացման համար:
Այսօր, ինչպես տեղյակ եք, մենք անցկացրեցինք հայ-վրացական տնտեսական համագործակցության հանձնաժողովի 14-րդ նիստը: Այն արդյունավետ էր, արգասաբեր, և ուզում եմ շնորհակալություն հայտնել հայկական կողմին վրացական պատվիրակությանը բարձր մակարդակով ընդունելու համար: Ուզում եմ հատուկ նշել, որ այսօրինակ նիստերի կանոնավոր անցկացումը խիստ կարևոր է մեր համագործակցության հետագա ընդլայնման համար, որպեսզի հասնենք մեր ռազմավարական նպատակներին:
Մեր երկրների միջև գոյություն ունեն առանձնահատուկ հարաբերություններ, և դրանք ոչ միայն աշխարհագրական առումով են, այլ կուզեի ընդգծել, կրկնել մի միտք, որ արտահայտեցի նիստի ընթացքում. մեր գործընկերությունը խորապես արմատավորված է պատմական հանգամանքներով, և մեր բարեկամությունը դարերի պատմություն ունի: Եվ սրա վրա է շաղախված և խարսխված Հայաստանի ու Վրաստանի ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը: Եվ մեր փոխհարգանքը դրա առհավատչյան է և՛ ժողովուրդների, և՛ կառավարությունների միջև:
Այսօր մենք շատ հետաքրքիր առանձնազրույց ունեցանք պարոն Փաշինյանի հետ, խոսեցինք երկկողմ համագործակցության, բազմակողմ ասպարեզներում փոխգործունեության մասին: Մենք գաղափարներ փոխանակեցինք այն գործընթացների մասին, որոնք զարգանում են և՛ համաշխարհային, և՛ ռեգիոնալ ասպարեզում: Իհարկե, աշխարհը լի է մարտահրավերներով, և դրանց հաշվի առնելը խիստ կարևոր է, և էլ ավելի է ընդգծում սերտ համագործակցության կարևորությունը: Մենք կարող ենք միասին հոգ տանել մեր համատեղ շահերի պաշտպանության, ազգային շահերի պաշտպանության հարցերով:
Մեր երկրների միջև զարգացումները նաև ազդագիր են համաշխարհային զարգացումների, և մեր համագործակցությունն այս իմաստով կենսական կարևորություն ունի:
Մենք ևս մեկ անգամ արտահայտում ենք մեր պատրաստակամությունը՝ մեր նպաստը բերելու կայունությանն ու խաղաղությանը այս տարածաշրջանում, որը նախապայման է տարածաշրջանի բարեկեցության, խաղաղության և կայունության համար: Մենք մեր ջանքերը պատրաստ ենք ներդնել՝ նաև հետայսու: Շատ կարևոր է, որ հարգանք դրսևորենք միմյանց ռազմավարական շահերի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հանդեպ: Եվ առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել հայ բարեկամներին՝ մեր տարածքային անձեռնմխելիությունը և ինքնիշխանությունը ամենաբարձր մակարդակով պաշտպանելու համար:
Տնտեսական և առևտրային մեր երկկողմ հարաբերությունները նույնպես շատ կարևոր են: Թերևս տեղյակ եք, որ տնտեսական հանձնաժողովը հիմնական շեշտադրումը դնում է տնտեսական ասպարեզում համագործակցության վրա: Մենք շատ բավարարված ենք այս ասպարեզում դրական միտումներով: Տնտեսական և առևտրային ոլորտներն ունեն նաև զարգացման ներուժ և այդ չօգտագործված ներուժը կփորձենք լավագույնս օգտագործել: Սա քննարկվեց նաև մեր հանձնաժողովի նիստում:
Եվ վերջապես ուզում եմ ընդգծել, որ մեր գործընկերությունը, բարեկամությունը շատ ամուր հիմքերի վրա է: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում էլ ավելի ջանքեր ձեռնարկելու՝ ի շահ այս հարաբերությունների հետագա ամրացման, ի շահ մեր երկրների և ազգերի:
Եվ կրկին ուզում եմ վարչապետ Փաշինյանին սրտանց հրավիրել մեր երկիր: Մենք մեծ հաճույք և մեծ պատիվ կհամարենք Ձեզ այնտեղ ընդունել:
Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»: