Կապահովվի Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի գործունեության արդյունավետությունը
Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի կազմում ընդգրկել 10 ներկայացուցիչ` ի դեմս պետական կառավարման համակարգի մարմինների, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ գլխավոր դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի։
Նախատեսվում է ընդգրկել 8 ներկայացուցիչ հասարակական կազմակերպություններից, որոնք ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում վերջին հինգ տարվա ընթացքում ունեն առնվազն երեք տարվա գործունեություն փորձ:
Բացի դրանից՝ նախատեսվում է ընդգրկել 11 ներկայացուցիչ աջակցության կենտրոններից և ապաստարաններից, որոնք ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում վերջին հինգ տարիների ընթացքում ունեն առնվազն երեք տարվա գործունեության փորձ և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի տակ գտնվող անձանց մատուցել են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված սոցիալական ծառայություններ կամ ընտանեկան և կենցաղային բռնության կամ ենթադրաբար ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց, իսկ անհրաժեշտության դեպքում այդ անձանց ընտանիքների անդամներին տրամադրել են սոցիալական աջակցություն։
Արդյունքում ակնկալվում է ապահովել` խորհրդի գործունեության արդյունավետությունը, աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումը, ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ոլորտում խորհրդի ակտիվ և գործուն դերակատարումը: