Տրանսպորտում հսկիչների ներկայությունը որոշակի թյուրըմբռնումների առիթ է դարձել. պարզաբանում
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրել է.
«Հարգելի՛ գործընկերներ, քանի որ հասարակական տրանսպորտում փետրվարի 1-ից հսկիչների ներկայությունը որոշակի թյուրըմբռնումների առիթ է դարձել, ցանկանում եմ տեղեկացնել, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաստիքացուցակում կա գծային հսկողության ծառայության բաժին, այն ներդրվել է 2024 թվականի ընթացքում, որը կատարում է հետևյալ գործառույթները՝
- Երթուղիների հաճախականության վերահսկում,
- Հասարակական տրանսպորտի արտաքին և ներքին մաքրության վերահսկում,
- Վարորդների պատշաճ հագուստով աշխատանքի ներկայության ապահովում,
- Ուղևորների հետ շփման ընթացքում բարեվարքության կանոնների պահպանման վերահսկում,
- Այլ վերահսկողական և աջակցող գործառույթներ։
2024 թվականի նոյեմբերի 1-ից, անկանխիկ վճարային համակարգի ներդրումից հետո, գծային հսկողության ծառայության գործառույթներին ավելացել է նաև վալիդատորների միջոցով վճարումների ընթացքում առաջացող խնդիրների մասին TelCell ընկերության մեր գործընկերներին տեղեկացնելը, ինչպես նաև քաղաքացիներին աջակցելը՝ վճարումը ճիշտ կատարելու գործընթացում»։