Փարիզում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն
Հունվարի 29-ին Փարիզում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որին մասնակցել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի, արտաքին գործերի և զինված ուժերի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Սենատի անդամներ, քաղաքապետեր, Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ, ռազմական կցորդներ, ֆրանսահայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ հասարակական գործիչներ և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։
Ընդունելության մասնակիցներին ուղղված իր խոսքում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, շնորհավորելով ՀՀ զինված ուժերի 33-րդ տարեդարձը, նշել է, որ Հայոց բանակը մարմնավորում է Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու մեր ժողովրդի վճռականությունը և վերջինիս` որպես անկախ և ժողովրդավար երկիր գոյություն ունենալու իրավունքը։ Ընդգծել է, որ կազմավորման առաջին իսկ պահից ՀՀ Զինված ուժերը վճռորոշ նշանակություն են ունեցել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման գործում։
Նշել է, որ Հայաստանը վճռական է տրամադրված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում` ընթացիկ բանակցություններում կառուցողական ջանքեր գործադրելով։ Միևնույն ժամանակ արդար և երկարատև խաղաղության հաստատման համար դեսպան Խաչատրյանը կարևորել է Հայաստանի պաշտպանական կարողությունների հզորացումը և այդ համատեքստում իր երախտագիտությունն է հայտնել բարեկամ Ֆրանսիայի իշխանություններին՝ Հայաստանին աջակցելու վճռական հանձնառության և շարունակաբար ընդլայնվող պաշտպանական համագործակցության համար։
Վկայակոչելով հայ-ֆրանսիական բարեկամական կապերը և ներկայումս երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության վերափոխված հարաբերությունները՝ դեսպանը հիշեցրել է առաջին և երկրորդ աշխարհամարտերի ժամանակ երկու ժողովուրդների սերտ զինակցության հերոսական դրվագները, այդ թվում՝ հայազգի մարտիկների մասնակցությունը Ֆրանսիայի դիմադրության շարժմանը։
Երեկոյի ընթացքում ելույթով է հանդես եկել նաև Ֆրանսիայում Հայաստանի ռազմական կցորդ, գնդապետ Գևորգ Ղոնյանը։ Հիշատակելով Հայաստանի առջև ծառացած անվտանգային սպառնալիքները՝ գնդապետ Ղոնյանն ընդգծել է Հայաստանի պաշտպանական կարողությունների հզորացման ուղղությամբ Ֆրանսիայի ցուցաբերած աջակցության կարևորությունը։ Շեշտել է, որ Հայոց բանակն եղել և շարունակում է լինել իր ինքնիշխան տարածքը պաշտպանելու Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իրավունքի իրացման երաշխավորը։
Ընդունելությանը տնօրեն Հայկ Սարգսյանի ղեկավարությամբ «Դպրոցասեր» հայկական վարժարանի սաները կատարել են Հայաստանի և Ֆրանսիայի ազգային, ինչպես նաև՝ ՀՀ Զինված ուժերի օրհներգերը։