Գեներալ-մայոր Կարեն Առստամյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
44-օրյա պատերազմի ընթացքում 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Առստամյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Այս մասին Aysor.am-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Կարեն Առստամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պատերազմի ժամանակ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հատկանիշներով։
Առստամյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել էր 2020թ․ նոյեմբերի 8-ին։
Նշենք նաև, որ պատերազմի օրերին նա Արցախի պաշտպանության բանակի կողմից ներկայացվել էր «Մարտական խաչ»-ի ասպետության 1-ին աստիճանի՝ մարտական գործողությունների ընթացքում զորքերի հմուտ և անխափան ղեկավարումն իրականացնելու, հակառակորդի մեծաթիվ ուժեր ջախջախելու համար:
2021 թվականի փետրվարի 13-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդեց Առստամյանին մեղադրանք առաջադրելու մասին։
Ըստ մեղադրանքի՝ զբաղեցնելով ՊԲ հրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ 11.10.2020թ․ պաշտպանության բանակի հրամանատարի գաղտնի հրամանի համաձայն՝ պարտավոր լինելով նույն օրը Հադրութի շրջանի 9-րդ կիլոմետր կոչվող տեղամասում դիմավորել և իր հրամանատարության ներքո ընդունել ՊԲ N զորամասի թվով 72 զինծառայողներին, Առստամյանը ցուցաբերել է իշխանության անգործություն, այն է՝ անձամբ չի դիմավորել, ինչպես նաև՝ չի կազմակերպել անձնակազմի դիմավորումը և հետագա մարտական խնդրի առաջադրումը, ինչի հետևանքով անձնակազմն իրենց տեղափոխող մեքենաներով նշված օրը կեսօրին հայտնվել են Հադրութի շրջանի Այգեստան գյուղի վարչական տարածքում, որտեղ հակառակորդի ռմբակոծության և դիվերսիոն գործողությունների հետևանքով մի շարք զինծառայողներ զոհվել են, իսկ մյուսների վերաբերյալ տեղեկություններ չկան: