Այս տարվանից կսկսենք ջրծաղիկի պատվաստումները. Ավանեսյան
Առողջապահության նախարարությունը շատ խիստ, մանրակրկիտ փորձաքննում է բոլոր պատվաստանյութերի փաստաթղթերը և ընդունում է դրանք՝ միայն լիարժեք վստահ լինելով, որ տեխնիկական բնութագրում գրված բոլոր պայմանները պահպանվել են։ Լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե ջրծաղիկի պատվաստանյութերը փչացել են, քանի որ չեն պահպանվել պահման պայմանները՝ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ պատվաստանյութերի վերաբերյալ նման անհիմն եզրահանգումները ճիշտ չեն:
Ավանեսյանի խոսքով՝ ջրծաղիկի մասով վտանգավոր բռնկումային իրավիճակ չկա:
«Ամեն տարի էլ ջրծաղիկի բռնկման դեպքեր ունենում ենք։ Մեր քաղաքականությունն ուղղված է, որ պատվաստումների միջոցով կանխարգելենք այս հիվանդությունը, որն իրականում վնասում է առողջությունը, ազդում է աշխատունակության վրա։
Այս տարվանից կսկսենք ջրծաղիկի պատվաստումները»,- ասաց նախարարը։