Մենք ոչ լավություն ենք անում ժողովրդին, ոչ էլ «քցում» ենք․ 150 դրամը նորմալ գին է տրանսպորտի համար․ Աշոտ Սարգսյան
Տրանսպորտի թանկացման շուրջ առաջացած բողոք-դժգոհություններից և փետրվարի 1-ից սպասվող ժողովրդական բոյկոտի հեռանկարն աչքի առաջ ունենալով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ հայտարարություն տարածեց, որ տրանսպորտի ուղեվարձի համար կսահմանեն 150 դրամ սակագինը՝ դրան զուգահեռ պահպանելով նաև դժգոհության առիթ դարձած այդ փաթեթները։ Այս կապակցությամբ հունվարի 31-ին ավագանու արտահերթ նիստ է հրավիրվել, որ հաստատեն 150 դրամ սակագինը։
MediaHub-ը Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանից հետաքրքրվեց, թե արդյոք սա հետքա՞յլ չէ քաղաքային իշխանության կողմից ժողովրդի ճնշման արդյունքում։
«Ճիշտն ասած, եթե ինչ-որ մի պրոցես ժողովրդի կյանքը ավելի կթեթևացնի, կբարելավի, անկեղծ ասաց՝ ինձ մեկ է դա հետքայլ կհամարվի, քայլ առաջ, թե ինչ։ Ասածս այն է, որ եթե դա քաղաքացու կյանքը կթեթևացնի, հոգ չէ, թող ընդդիմադիրները դա համարեն հետքայլ»,-ասաց Աշոտ Սարգսյանը։
-Քաղաքացիներն ասում են՝ եթե կարող էիք 150 դրամ սահմանել, ինչո՞ւ էիք ի սկզբանե 300 դրամ սահմանում և ինչ-որ հաշվարկներ բերում դրա համար։ Պարտադիր պետք է ձեզ ասե՞ին, որ անեիք։
-Պարոն Մակարյան, ի սկզբանե 300 դրամ թիվ գոյություն չի ունեցել, և այդ մասին Fip.am կայքը հայտարարություն է տարածել, որ դա կեղծ թիվ է, և երբևիցե տրանսպորտային սակագնում 300 դրամ թիվ չի եղել։ Ի սկզբանե նախատեսված է եղել 300 դրամ՝ 90 րոպե երթևեկելու համար։ Այսինքն՝ դա ևս մեկ փաթեթ է։ Եթե մենք խոսենք այդ տրամաբանության մեջ, մենք կարող ենք ասել, օրինակ, որ տրանսպորտի գինը դառնում է 9000 դրամ, որովհետև 9000-անոց փաթեթ էլ կա էդ ցանկում։ Այսինքն՝ վերցվել է նվազագույն փաթեթը, որը կարող է մարդկանց մանիպուլացնել և այս տհաճ իրավիճակը ստեղծել։
-Ամեն դեպքում, փաթեթներից մեկով 300 դրամ ուղեվարձ կա։
-Փաթեթ է համարվում 300-ը, ինչպես նաև 9000-ը, այսինքն՝ տրամաբանորեն լրիվ նորմալ է։
-Ձեր ասած այդ փաթեթներից մեկով էլ դուք ասում էիք, թե տրանսպորտի գինը դառնում է 144 դրամ կամ դրանից էլ ավելի ցածր։
-Բոլոր փաթեթները ձևավորվում են քաղաքացու՝ տրանսպորտից օգտվելու քանակից։
-Եթե որոշ փաթեթներով նույնիսկ 150 դրամից ավելի էժան է ստացվում ուղեվարձը, ինչո՞ւ եք 150 դրամ սահմանում, հիմա դուք դրանով լավությո՞ւն եք անում, թե՞ հակառակը՝ «քցում» եք ժողովրդին։
-Մենք ոչ լավություն ենք անում ժողովրդին, ոչ էլ «քցում» ենք։ Նորից եմ ասում՝ վերջին շրջանում, ուսումնասիրելով քաղաքացիների կարծիքները, անհրաժեշտություն գտանք, որ մեկ անգամվա տոմս է պետք, այսինքն՝ ոչ փաթեթային։ Եվ այդ 150 դրամն արտացոլում է այդ մեկ անգամվանը։ Մնացած բոլոր տարբերակները, ինչ առաջարկվել են, դրանք փաթեթներ են՝ 300 դրամն էլ, 9000-ն էլ։ Շուտով մտնելու է նաև նոր փաթեթ, որը լինելու է 1500 դրամ՝ 10 ուղևորության համար։ Եվ որոշ քաղաքական գործիչներ կարող են նույն տրամաբանությամբ հայտարարել, որ տրանսպորտը սարքեցին 1500 դրամ։ Բայց դա այդպես չէ, չէ՞։
-Իսկ կարո՞ղ է, որ մի քիչ էլ ժողովուրդը ճնշի և, օրինակ, դուրս գա փողոց, բոյկոտի, ցույց անի, այդ 150 դրամը դառնա 100 դրամ, որովհետև պարզվի, որ ֆինանսական հաշվարկներով 100 դրամն էլ է լրիվ բավարար։
-Ես, ճիշտն ասած, արդեն ի սկզբանե ասացի։ Հետ եկանք էլի էն հետքայլ կամ քայլ առաջ անելուն։ Ֆինանսական հաշվարկով՝ ես կարծում եմ, որ 150 դրամը այն միջին նորմալ գինը կարող է լինել այսօրվա ունեցած տրանսպորտի համար։