Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ ի՞նչ է հայտնի
Հունվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղից դեպի «Կարգո» միջազգային բեռնափոխադրումների ընկերություն տանող հատվածում գազի խողովակից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կարեն Դեմիրճյան փողոցում գտնվող՝ Արթուր Թովմասյանին պատկանող չշահագորճվող երկհարկանի շինության մոտակայքում, ըստ նախնական տեղեկությունների, գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։
Այրվել են շինության 2-րդ հարկի պատուհաններից մեկը և պատի արտաքին երեսպատման սալիկները։
Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն, մինչև ժամանել են «Գազպրոմ Արմենիա»-ի Արմավիրի գազի վթարայինի աշխատակիցները, ովքեր դադարեցրել են գազի արտահոսքը։
Պայթյունի հետևանքով կոտրվել են նաև ապակինեը։
Դեպքի վայրում 3 քաղաքացիներ, որոնցից մեկը, ըստ հավաստի տեղեկությունների, հայտնի է «Ցախավել» մականվամբ, փորձում էին համոզել, որ դեպքը չլուսաբանվի, սակայն տեսնելով, որ միևնույն է այն լուսաբանելու է, քանի որ օպերատիվ ծառայությունները ժամանակին են հասել դեպքի վայր, փորձում էին խոչընդոտել, սակայն այդ «առյուծ կտրած» եռյակը պարեկներին տեսնելով դարձավ «խոնարհ հարս»։
Դեպքի փաստով հնարավոր է ոստիկանության համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր ձևակերպվեն, որտեղ էլ պետք է պարզվի՝ արդյոք նշված հատվածով անցնող գազախողովակը, էլեկտրասնուցումը օրինական են, թե ոչ։
Թեպետ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին՝ թող իրավասու մարմինները պարզեն՝ արդյոք այն օրինական է, թե ոչ, մեր կարծիքով դժվար անօրինական լինի, բայց ստուգելը լավ բան է։