Գրենլանդիայի բնակիչների մեծամասնությունը դեմ է ԱՄՆ-ին միանալուն
Գրենլանդիան այս կամ այն կերպ վերահսկողության տակ առնելու՝ Դոնալդ Թրամփի կրկնվող հայտարարություններն անհանգստություն են առաջացրել ամբողջ Եվրոպայում: Եվրամիությունը խստացնում է իր պաշտոնական դիրքորոշումը Թրամփի վերաբերյալ: ԱՄՆ նախագահը չի բացառել անհրաժեշտության դեպքում ռազմական ուժի կիրառումը:
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ ու քննարկել «եվրոպական միասնության ու սերտ համագործակցության» հարցը՝ «Դանիայի Թագավորության մաս կազմող Գրենլանդիան վերահսկողության տակ առնելու Թրամփի սպառնալիքների ֆոնին»,- հաղորդում է AFP-ն։
Օլաֆ Շոլցն ընդգծել է, որ «սահմանները չպետք է ուժով փոփոխվեն», և դատապարտել է էքսպանսիոնիստական նկրտումները՝ «անկախ նրանից, թե ով է դրանք հետապնդում»։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն չի բացառել զորքեր ուղարկելն Արկտիկայի կղզի, «եթե Դանիան օգնություն խնդրի»։ Միաժամանակ Բարոն նշել է, թե չի հավատում, որ ԱՄՆ-ն կներխուժի Գրենլանդիա։
Ի տարբերություն Դանիայի, 56000 բնակիչ ունեցող կղզին ԵՄ-ի մաս չէ, սակայն ունի հատուկ կարգավիճակ, որն ապահովում է համայնքային միջոցների հասանելիություն և ազատ տեղաշարժի հնարավորություն գրենլանդացիների համար: Բացի այդ, Գրենլանդիան ենթարկվում է ԵՄ պայմանագրերով նախատեսված փոխադարձ պաշտպանության դրույթներին:
Bloomberg-ը, վկայակոչելով տեղական լրատվամիջոցների պատվերով Verian գործակալության հարցումը, հայտնել է, որ Դանիայի ինքնակառավարվող տարածք հանդիսացող Գրենլանդիայի բնակիչների ճնշող մեծամասնությունը չի ցանկանում, որ կղզին դառնա Միացյալ Նահանգների մաս։
Այսպիսով, հարցվածների 85%-ը դեմ է արտահայտվել ԱՄՆ-ին միանալուն, 6%-ը նշել է, որ կնախընտրի Միացյալ Նահանգները Դանիայից, ևս 9%-ն ասել է, որ չի կողմնորոշվել պատասխանի հարցում: Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Գրենլանդիայի բնակչությունը դժգոհ է Դանիայի իշխանություններից և նախընտրում է Միացյալ Նահանգները։