Ձերբակալել են «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանին․ պատճառը հայտնի է
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Կոտայքում հայտնի տեխսպասարկման կետերից մեկը հրկիզելու կասկածանքով օդանավակայանից ձերբակալել են «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանին։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ չնայած նախաքննական մարմինն ամեն ինչ արել է նրա կալանավորման համար, սակայն դատարանը մերժել է կալանքը խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։
Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Կոտայքի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին, երբ պարզվել էր, որ տեղի ունեցածը ոչ թե անզգուշաբար առաջացած հրդեհ էր, այլ հրկիզում։ Հրկիզել էին Կոտայքի մարզում և Երևանում հայտնի տեխսպասարկման կետերից մեկը և ժամանած հրշեջ-փրկարարները տեղում հայտարարել էին հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Աբովյանի բաժնում գույքի դիտավորյալ ոչնչացման համար փաստաթղթեր էին ձևակերպվել, որոնք փոխանցվել էին ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը բացահայտելու և կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու համար հսկայածավալ աշխատանքներ էին կատարվել։ Նշված անձինք կասկածվում են խոշոր չափի գումարի դիմաց տեխսպասարկման այդ կետը հրկիզելու մեջ։