Նախարարը The Hevolution հիմնադրամի գործադիր տնօրենի հետ քննարկել է ԵՊՀ ժողովրդագրական կենտրոնի զարգացման հեռանկարը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում հանդիպում է ունեցել The Hevolution հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտոր Մեհմուդ Խանի հետ։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարության իրականացման ուղղությամբ՝ հատկապես կենտրոնանալով ակտիվ ծերության խթանման և վաղաժամ մահացության կանխարգելման վրա։ Քննարկվել են նաև ԵՊՀ նորաստեղծ ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի կարողությունների զարգացման և հետազոտական ծրագրերի աջակցման հնարավորությունները։
Hevolution հիմնադրամը, որի տարեկան բյուջեն հասնում է մինչև 1 միլիարդ դոլարի, նպատակ ունի խթանել առողջ ծերացման գիտությունը՝ ֆինանսավորելով առողջ ծերացման հետազոտություններն ու նորարարական նախագծերը՝ նպաստելով առողջ կյանքի տարիների ավելացմանը։
Այս համատեքստում Դոկտոր Մեհմուդ Խանը կարևոր է համարել Հայաստանի մասնակցությունը Global Healthspan 2025 համաշխարհային գագաթնաժողովին, որը համախմբում է գիտնականներին, ներդրողներին և ոլորտի մասնագետներին՝ քննարկելու առողջ ծերացման նորարարական գաղափարները, տեխնոլոգիաները և ներդրումային հնարավորությունները։