Անթույլատրելի է ժխտել պատմական իրողությունները կամ կեղծել պատմությունը. Սոնա Ղազարյան
Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցում է ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը` պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ:
Նստաշրջանում զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը:
«Հարգելի' տիկին Լուզ,
Շնորհակալություն կարեւոր զեկույցի համար:
Կցանկանայի շնորհակալություն հայտնել Եվրոպայում պատմության ուսուցման դիտակետային կենտրոնի 4-րդ ամենամյա համաժողովի կազմակերպման համար եւ վերահաստատել Հայաստանի աջակցությունը Դիտակետի առաքելությանը:
Եվրոպայում եւ իր սահմաններից անդին ճգնաժամային ժամանակներ են` մարտահրավերներ, որոնք հիշեցնում են պատմության մութ շրջանները: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խաղաղության եւ կայունության խթանման նպատակով ձեւավորված աշխարհակարգը եւ միջազգային կառույցները լուրջ ճնշման տակ են, քանի որ պատերազմը վերադարձել է Եվրոպա եւ դրա սահմաններից դուրս` խարխլելով անվտանգության եւ համագործակցության հիմքերը:
Մենք ականատես ենք լինում ուժի կիրառման անհանգստացնող նորմալիզացմանը, ժողովրդավարական հաստատությունների հետընթացին, ծայրահեղ ազգայնականության եւ պոպուլիզմի աճին` զարգացումներ, որոնք սպառնում են մեր ընդհանուր արժեքներին, որոնք պաշտպանում են խաղաղությունը մեր հասարակություններում: Այս ճգնաժամին ավելանում են ատելության խոսքի եւ ապատեղեկատվության տարածումը, որոնք հաճախ խթանվում են պատմության շահարկմամբ` քաղաքական նպատակների համար:
Հայաստանը խորապես գիտակցում է այս մարտահրավերները: Մեր անվտանգության մտահոգություններից բացի, մենք ամեն օր բախվում ենք մեր պատմության եւ մշակութային ինքնության խեղաթյուրման փորձերին: Պատմության շահագործումն ապակառուցողական օրակարգեր առաջ մղելու համար սպառնալիք է այն խաղաղ համակեցությանը, որին բոլորս ձգտում ենք:
Անթույլատրելի է ժխտել պատմական իրողությունները կամ կեղծել պատմությունը` հարեւան երկրների դեմ տարածքային հավակնություններն արդարացնելու նպատակով: Պատմությունը պետք է ծառայի որպես ճշմարտության եւ փոխըմբռնման հիմք` հարթելով հաշտեցման ճանապարհը, այլ ոչ թե որպես գործիք` բաժանարար եւ մոլորեցնող օրակարգեր առաջ տանելու համար:
Մեկ այլ լուրջ խնդիր, որի մասին ցանկանում եմ խոսել, պետության կողմից հովանավորվող պատմության դասագրքերում ատելության խոսքի ներառումն է, որը խթանում է ագրեսիան, անհանդուրժողականությունն ու ռասիզմը: Երբ կրթական ռեսուրսները շահագործվում են կանխակալ պատմություններ ձեւավորելու համար, դրանք խարխլում են խաղաղությունը եւ ամրապնդում վնասակար կարծրատիպերը:
Կենսականորեն կարեւոր է, որ մենք դիմագրավենք այս վտանգավոր միտումը` խթանելով ճշգրիտ, հավասարակշռված պատմության ուսուցանումը, որն աջակցում է բազմազանությունը եւ մերժում ատելության ու խտրականության բոլոր ձեւերը` կանխելով էթնիկ զտումները, ատելությամբ դրդված հակամարտությունները եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները:
Այս մարտահրավերների բացահայտումն ընդամենը սկիզբն է. մեր պատասխանատվությունն այժմ միասին լուծումներ գտնելն է: Խաղաղության մշակույթ կառուցելը սկսվում է նորարարական, քաղաքացիակենտրոն կրթությամբ, որը երիտասարդներին հնարավորություն է տալիս քննադատաբար մոտենալ պատմությանը, այլ ոչ թե անխոս ընդունել այն: Սա պահանջում է շարունակական ջանքեր եւ համագործակցություն` կրթական համակարգեր մշակելու համար, որոնք ամրապնդում են ժողովրդավարությունը եւ «Միասին ապրելու» գաղափարը: Հայաստանը հավատարիմ է այս առաքելությանը եւ աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք պատմական ճշմարտությունը բերում են առաջնագիծ»,- նշել է պատգամավորը: