Պուտինը կրկին հաստատեց, որ վախենում է բանակցություններից. Զելենսկի
Ուկրաինայի նախագահը մեկնաբանել է ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունը, ըստ որի՝ Զելենսկին իրավունք չունի ստորագրել վերջնական խաղաղության համաձայնագիրը։
«Այսօր Պուտինը կրկին հաստատեց, որ վախենում է բանակցություններից, վախենում է ուժեղ առաջնորդներից և ամեն ինչ անում է պատերազմը երկարացնելու համար։ Նրա յուրաքանչյուր քայլը և բոլոր ցինիկ հնարքները նպատակ ունեն անվերջ դարձնել պատերազմը»,- ասել է Զելենսկին։
Նա նշել է, որ այժմ «իրական խաղաղության հասնելու հնարավորություն կա», բայց Պուտինն ամեն ինչ անում է, որպեսզի «կամ շարունակի սպանել ամբողջ մասշտաբով, կամ ստանա դադար, որպեսզի ապագայում, հիբրիդային հարվածներ հասցնելով, պատրաստի նոր լայնամասշտաբ ներխուժում»։
Զելենսկին աշխարհի առաջնորդներին կոչ է արել խաղաղություն «պարտադրել» Ռուսաստանին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 28-ին հայտարարել էր, որ խաղաղության բանակցություններ կարելի է վարել ցանկացած մեկի հետ, սակայն «իր ոչ լեգիտիմության պատճառով Զելենսկին «իրավունք չունի որևէ բան ստորագրելու»։