Քննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները
Հունվարի 29-ին կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նիստին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:
ՀԽԳՀ-ի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը համառոտ ներկայացրել է հիմնադրամի 2024 թ․ հաշվետվությունը և հիմնադրամի ռազմավարական նպատակները, որոնք ուղղված են հայկական գինու ճանաչելիության բարձրացմանը և ներքին ու արտաքին շուկաներում հայկական գինիների սպառման խթանմանը։
Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները, հայկական խաղողի տեսակների ներուժի ուսումնասիրման, տեղածին սորտերի պահպանման և կոլեկցիոն այգիների հիմնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացված ու նախատեսվող ծրագրերը, խաղողագործության ու գինեգործության ոլորտի թվայնացման ուղղությամբ կատարված քայլերը։
Նախարարն ընդգծել է, որ հիմնադրամը ուժեղացնելու նպատակով անհրաժեշտ է տարբեր ձևաչափերով մեծացնել մասնավոր գինեգործական ընկերությունների ներգրավվածությունը հիմնադրամի գործունեությանը՝ սկսած միջազգային ցուցահանդեսներում մասնակցության համար պետության կրած ֆինանսական ծախսերի որոշակի չափը նրանց պատվիրակելուց։
Անդրադարձ է կատարվել հիմնադրամի կողմից 2025 թվականին իրականացվելիք ծրագրերին ու միջոցառումներին, հայկական գինու մրցունակության բարձրացմանն ուղղված քայլերի մշակմանն ու գինու ներքին սպառման խթանմանը։
Օրակարգային երկու թեմաները՝ հիմնադրամի 2024 թ․ տարեկան ծրագրերը և ֆինանսական հաշվետվությունը, ինչպես նաև 2025 թ․ տարեկան ծրագրերն ու բյուջեն, ստացել են դրական եզրակացություն։