Արաբիկա սուրճի գները գերազանցել են պատմական ռեկորդը
Արաբիկա սուրճի բորսայական գները հունվարի 28-ին հերթական անգամ գերազանցել են պատմական ռեկորդը և անցել տոննայի դիմաց 7900 դոլարի նշագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով սակարկությունների տվյալները։
Հունվարի 28-ի սակարկություններից հետո Արաբիկա սուրճի մարտյան ֆյուչերսի արժեքն աճել է 2,43%-ով՝ մեկ ֆունտի դիմաց հասնելով 3,577 դոլարի (շուրջ 7,886 դոլար՝ մեկ տոննայի դիմաց): Իսկ սակարկությունների ընթացքում ցուցանիշը բարձրացել է առավելագույն չափով՝ հասնելով մեկ ֆունտի դիմաց ռեկորդային 3,5875 դոլարի կամ մեկ տոննայի դիմաց գրեթե 7909 դոլարի։
Տարեսկզբից Արաբիկա սուրճի արժեքն աճել է ավելի քան 10%-ով՝ դեկտեմբերի կայուն դինամիկայից հետո, իսկ նոյեմբերին գինը կտրուկ բարձրացել էր 30%-ով՝ գերազանցելով մեկ տոննայի դիմաց 7000 դոլարի նշագիծը։ Ընդհանուր առմամբ, սուրճի արժեքը 2024 թվականին աճել է 1,7 անգամ։
Հունվարի 28-ին Ռոբուստա տեսակի սուրճի մարտյան ֆյուչերսի գինն աճել է 1,56%-ով՝ մեկ տոննայի դիմաց հասնելով 5545 դոլարի: