Ինչպե՞ս կպատասխանի Հայաստանը Լուկաշենկոյին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի` Հանրայինին տված հարցազրույցից մեկ օր հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աղմկահարույց հայտարարություն արեց, թե` Արցախի կորստի միակ մեղավորը Փաշինյանն է: Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես են ինքն ու Պուտինն արձագանքել Փաշինյանի հայտարարությանը, որ Արցախն Ադրբեջանի մաս է կազմում, նաեւ ասել է, թե Փաշինյանը կկործանի Հայաստանը. «Մենք՝ ես ու Պուտինը, ապշել էինք, զանգեցի նրան, հարցրի՝ լսեցի՞ր, ասաց՝ լսեցի: Հարցրի՝ դո՞ւ ես դրդել, որ նման բան ասի: Պատասխանեց՝ ո՛չ, առհասարակ չեմ միջամտել: Փաշինյանն ինքն է հրաժարվել Ղարաբաղից, թեեւ այդ պահին Ալիեւը պատրաստ էր համաձայնել, որ դա մի տարածք է, որտեղ հայերը պետք է ունենան լուրջ ազդեցություն, բայց ահա եւ նվեր, ո՞վ չէր օգտվի»:
Ո՛չ վարչապետի աշխատակազմից, ո՛չ ՀՀ ԱԳՆ-ից դեռ չեն արձագանքել Լուկաշենկոյի հայտարարություններին: Մոտ կես տարի է՝ Հայաստանից որեւէ պաշտոնյա Բելառուս չի այցելում, Երեւանը Մինսկից իր դեսպանին է հետ կանչել, պատճառն Ադրբեջանում Լուկաշենկոյի հայտարարությունն էր, թե Բելառուսում հավատացել են Ադրբեջանի հաղթանակին եւ աջակցել։ Իշխանական աղբյուրի փոխանցմամբ՝ այս օրերին քննարկվում է հայ-բելառուսական դիվանագիտական հարաբերությունները խզելու հարցը: Մյուս կողմից՝ հասկանում են, որ առանց Պուտինի թույլտվության Լուկաշենկոն նման բան չէր ասի։
Ի դեպ, կան լուրեր, որ Փաշինյան-Պուտին վերջին հեռախոսազրույցը շատ կոշտ է եղել, չնայած Փաշինյանը փորձել է արդարանալ, որ ԵՄ-ին անդամակցությունը չի նշանակում հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններից, սակայն Պուտինը շատ չոր է խոսել նրա հետ` որ այդ քայլը լավ տեղ չի տանելու Հայաստանը։ Ուստի հնարավոր է` Փաշինյանը Լուկաշենկոյի դեմ կոնկրետ քայլեր չնախաձեռնի, մի քանի լաչառ հայտարարությամբ կսահմանափակվի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: