Թրամփի լավ խոսքերը բավարար չեն Թեհրանին համոզելու համար. Իրանի ԱԳ նախարարը՝ նոր միջուկային համաձայնագրի մասին
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմի կողմից «լավ խոսքերից» շատ ավելին կպահանջվի՝ համոզելու Թեհրանին բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ նոր միջուկային համաձայնության հասնելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով Իրանի ԱԳ նախարարի խոսքերը Sky News-ին տված հարցազրույցում։
Աբբաս Արաղչին հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախորդ պաշտոնավարման ժամանակ Իրանի միջուկային համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին՝ ասելով, որ ԱՄՆ-ը շատ բաներ պետք է անի Թեհրանի «վստահությունը գնելու համար»։
Արաղչին նաև հավելել է, որ Իրանը ոչինչ չի լսել ԱՄՆ-ից, բացի «լավ» բառից, և դա ակնհայտորեն բավարար չէ։
«Իրավիճակն այլ է և շատ ավելի բարդ, քան նախորդ անգամ»,-ասել է Աբբաս Արաղչին։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը նշել էր, որ այդ հարցում կնախընտրի դիվանագիտական լուծումը՝ շեշտելով, որ Իրանի հետ նոր համաձայնագիրը «լավ կլինի»:
2018-ի մայիսին ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս եկավ 2015-ի գործարքից, որը պաշտոնապես կոչվում էր «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր»։