Խոշոր հրդեհ՝ Երևանում․ առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից
Այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցի 11/5 հասցեում խոշոր հրդեհ է բռնկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ 4 մարտական հաշվարկ։
Այս պահին հրշեջները բավականին մեծ դժվարությամբ փորձում են հայտնաբերել կրակի օջախները, իսկ ծուխը տեսանելի է մոտ 1 կմ-ից և բավականին դժվարանում է հրշեջների աշխատանքը, քանի որ տարածքը ծխի պատճառով տեսանելի չէ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ փորձել են պայքարել ներսի աշխատակիցները։
Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են սեփականատիրոջ ինքնությունը, ինչպես նաև արդյոք հրդեհի հետևանքով տուժած կամ տուժածներ կան։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ շտապօգնության բժիշկները տեղում օգնություն ցուցաբերեցին 4 հրշեջ-փրկարարի, որոնց ինքնազգացողությունը ծխից վատացել էր: Այս պահին հրշեջներից մեկն էլ գտնվում է շտապօգնության ավտոմեքենայում, նրան օգնություն են ցուցաբերում: