Տեսչական վերահսկողությունը պետք է նպաստի կրթության քաղականության բարելավմանը. Ժաննա Անդրեասյան
Տեղի է ունեցել ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամները:
Նիստի ընթացքում քննարկվել են Կրթության տեսչական մարմնի՝ 2024 թվականին կատարած աշխատանքները և 4-րդ եռամսյակի գործունեության կատարողականի գնահատումը:
Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը ներկայացրել է 2024 թվականի ամփոփ հաշվետվությունը՝ նշելով, որ տեսչական վերահսկողության շրջանակում առանձնակի կարևորություն ունեն նաև իրազեկող և կանխարգելիչ միջոցառումները:
Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն ընդգծել է տեսչական վերահսկողության դերակատարումը կրթության ոլորտի պետական քաղաքականության բարելավման առումով:
«Ստուգումների արդյունքում արձանագրված խախտումներին պետք է հետևեն որոշակի գործողություններ, որոնք կնպաստեն իրավիճակի բարելավմանը և դրական ազդեցություն կունենան կրթության որակի վրա»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ կատարված վերլուծությունները կքննարկվեն նախարարության, ինչպես նաև Կրթության զարգացման և նորարարության զարգացման հիմնադրամի և այլ մասնագիտական կառույցների հետ՝ ըստ անհրաժեշտության բարելավելու նաև դպրոցներին առաջարկվող մեթոդական աշխատանքները:
Ներկայացնելով կատարված աշխատանքը՝ Վաղարշակ Մատինյանը նշել է, որ հանրակրթական դպրոցների 4-րդ դասարանցիների շրջանում կատարվել է լուռ ընթերցելու և ընթերցված տեքստը հասկանալու, վերարտադրելու և եզրահանգումներ կատարելու կարողության ստուգում, որին մասնակցել է 854 աշակերտ:
Ընտրված միջին բարդության տեքստերի համար, ըստ ուսումնասիրության արդյունքների, նախորդ տարիների համեմատությամբ արձանագրվել է առաջընթաց. երեխաների գնահատման արդյունքների միջին տոկոսային միավորն աճել է շուրջ 10 տոկոսով: Ըստ այդմ՝ նվազել է նաև անբավարար արդյունք ցուցաբերած երեխաների թիվը՝ 47 տոկոսի համեմատ կազմելով 28 տոկոս։ Հետազոտությունը կատարվել է 20 դպրոցում, որոնցից 10-ը՝ Տավուշի մարզում, որտեղ ամբողջությամբ ներդրված է Հանրակրթության նոր չափորոշիչը, իսկ մնացածը՝ Երևանում և այլ մարզերում:
Ի թիվս դասալսումների և օրենսդրությամբ սահմանված նորմատիվ ակտերի պահպանման վերաբերյալ ստուգումների՝ Կրթության տեսչական մարմինն ավելի քան 7 տասնյակ դպրոցներում կատարել է նաև ներառական կրթության միջավայրի գնահատում՝ դիտարկելով ֆիզիկական ենթակառուցվածքների առկայությունը: Ուսումնասիրության արդյունքները փոխանցվել են կրթության կառավարման լիազոր մարմնին՝ բարելավման նպատակով:
Կառավարման խորհրդի նիստում քննարկվել են նաև 2025 թվականին նախատեսվող տեսչական վերահսկողության աշխատանքների հիմնական ուղղությունները: